Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսխորհրդի նախաձեռնությամբ ուսանողները դեկտեմբերի 12-ին մոմերով քայլերթ կազմակերպեցին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից Սուրբ Սարգիս եկեղեցի, որտեղ տեղի ունեցավ պատարագ` նվիրված 2013թ. կյանքից հեռացած արվեստի գործիչների հիշատակին:
«2013-ին, ցավոք սրտի, մենք շատ կորուստներ ունեցանք: Որպես ապագա արվեստագետներ որոշեցինք մոմերով քայլերթ կազմակերպել` հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին: Նրանք եղել են այն մարդիկ, ովքեր մեզ շատ բան են սովորեցրել և դեռ կսովորեցնեն»,- NEWS.am-ին ասաց ԵԹԿՊԻ ուսանողական խորհրդի նախագահ Վարդգես Բարսեղյանը:
Ուսխորհրդի նախագահը նշեց, որ քայլերթի մասին տեղեկացրել են և իրենց ուսանողներին, և դասախոսներին և քաղաքական ու մշակութային գործիչներին։
Հիշեցնենք որ, 2013թ. կյանքից հեռացել են արվեստի գործիչներ Սոս Սարգսյանը, Ֆլորա Մարտիրոսյանը, Ազատ Գասպարյանը, Լևոն Անանյանը, Մարկ Սաղաթելյանը, Երվանդ Ենգիբարյանը, Արմեն Դիվանյանը և այլք:











