Պատերազմի եռագլուխ կուսակցությունն անընդհատ ասում է՝ «Ադրբեջան, Թուրքիա»։ Այո՛, Ադրբեջան, Թուրքիա, որովհետև Հայաստանը լինելու է ֆորպոստ, քանի դեռ նորմալ հարաբերություններ չի ունենալու իր հարևանների՝ Իրանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի հետ։ Դրա մասին խորհրդարանում կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսինքն՝ մենք ուզում ենք խաղաղություն, որի դեպքում Ադրբեջանը ոչինչ չի ստանում, իսկ մենք ստանում ենք ամեն ի՞նչ»,- նշել է նա։ Նրա գնահատմամբ՝ ընդդիմությունն ուզում է, որ Հայաստանը ֆորպոստ լինի, իսկ դրա համար պետք է, որ խաղաղություն չլինի։

«Ինչո՞ւ են նրանք ուզում, որ Հայաստանը ֆորպոստ լինի։ Որովհետև նրանք պաշտպանում են իրենց փողերը։ Նրանց փողերն արգելափակել են՝ ասելով, որ մինչև Հայաստանին չվերադարձնեն ֆորպոստի կարգավիճակը, իրենք բոմժ են լինելու։ Հիմա նրանք բոմժ են դառնում և իրենց պաշտպանում են այդ գործընթացից։ Ընդ որում՝ Հայաստանում շատերը տրվում են այդ օրակարգին։

Ոչ ոք չի նկատում, որ արդեն մեկ տարի է՝ Ադրբեջանից Հայաստան գնացքներ են գալիս։ Ի՞նչ եք առաջարկում։ Փակե՞լ։ Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով՝ ֆորպոստի կարգավիճակը հաղթահարելու համար։ Մեր գործողություններում որևէ գաղտնի բան չկա։ Ամեն ինչ տեղի է ունենում հրապարակային։

Այս մարդիկ Հայաստանի անկախության և այն պետության դեմ են, որը նրանց թույլ չի տալիս թալանել։ Նրանց ֆորպոստ է պետք՝ Հայաստանը թալանելու համար։ Նրանք 30 տարի թալանել են՝ խոսելով Ադրբեջանի ու Թուրքիայի մասին։

Մենք տարածաշրջանը դուրս ենք բերում հակամարտության փակուղուց։

Երբ ես գնում եմ Մեղրի, մարդիկ հարցնում են՝ երբ է բացվելու TRIPP-ը։ Մենք ի՞նչ է, պետք է ժամանակ ծախսենք տգետ քաղաքագետներին կրթելու վրա։ Մենք պետք է էներգիա ծախսե՞նք ինչ-որ մարգինալ խմբի վրա։ Եթե չեն հասկանում, թող գլուխները պատին խփեն, մինչև հասկանան։ Հայաստանի ժողովուրդը հասկանում է»,- հավելել է Փաշինյանը։