Белый Макс-ը երգ եւ տեսահոլովակ է նվիրել ընկերոջը՝ Էդգար Հակոբյանին, որը զոհվել էր հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով:

Էդգար Հակոբյանի քրոջ խոսքով, երգը պատմություն է այն մասին, թե ինչպես է երգիչն իմացել Էդգարի մահվան մասին եւ ինչ է զգացել դրանից հետո: «Մաքսը մանկուց գիտի Էդգարին: Գրված երգի բառերն էլ հորինված չեն, ուղղակի հանգերով պատմություն է գրված»,- NEWS.am-ին պատմեց Էմմա Հակոբյանը:

Էդգարին նվիրված երգիերաժշտության հեղինակը DJ Kristall-ն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Արմեն Բաբայանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, լյարդի եւ փայծաղի պատռվածք, փայծաղը հեռացրել են, իսկ լյարդի պատռվածքը կարել են: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղեւորներից հորեղբոր որդիներ Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, Վերաքննիչ դատարանը մերժել է փոխել նրա խափանման միջոցը: