Ոստիկանությունը հաղորդում է, որ բացահայտել է դեկտեմբերի 1-ին Հին Երևանցու փողոցի 2-րդ շենքի բնակչուհիներից մեկի տան գողությունը։
Ոստիկանությունը հայտնում է, որ դեկտեմբերի 1-ին` ժամը 19:30-23:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը հարմարեցված բանալիով բացել է բնակարանի դուռը և տնից գողացել չհրկիզվող պահարանը, որի մեջ, ըստ տուժողի, եղել է 3 դրամապանակ՝ 40 հազար դոլարով և 1 մլն 600 հազար դրամով: Գողը բացի չհրկիզվող պահարանից ուրիշ ոչինչ չի վերցրել:
Ոստիկանությունը հայտնում է, որ տուժողն ընկերուհուն` Գայանե Գրիգորյանին, որի մականունը Մաշա է, հաճախ է փողով օգնել: Գայանեն տեսել է` որտեղ է ընկերուհին փողերը պահում և որոշել է գողանալ:
Գայանեն իր մտադրությունների մասին պատմել է մյուս ընկերուհուն` Ջուլիետային ու նրա հետ պլանավորել գությունը:
Գողությունից մի քանի օր առաջ Գայանեն հյուր է գնացել տուժող ընկերուհու տուն, գիշերը մնացել տուժողի տանը, վերցրել բանալիներն ու պատուհանից տվել Ջուլիետային:
Ջուլիետայի խոսքով, Գայանեն պատուհանից նրան է նետել տան բանալիներն ու 5000 դրամ, ասել, որ 2 կրկնօրինակ պատրաստի։ Բանալիների կրկնօրինակները ձեռք բերելուց հետո ընկերուհիները որոշել են, որ ավելի ապահով կլինի, եթե գողությունը այլ մարդ կատարի։
Աղջիկները դիմել են իրենց ընկերոջը` Գևորգին, որին Վիկա են անվանում:
Գևորգի խոսքով, Գայանեն գնացել է իր տուն և պատմել, որ ինքն ու Ջուլիետան որոշել են Մաշայի ընկերուհու տնից գողություն կատարել:
«Մաշան գալիս տենց պատմում ա, ասում ա՝ ում բան կանես, որ Լիկային ասես, կօգնի՞ մեզ, որ սեյֆը վերցնենք բան, ասի՝ կասեմ: Ասեց՝ Լիկային 300 դոլար գումար կտամ, ասեց՝ քեզ էլ 1000 դոլար, ասեց՝ քո գումարից կտաս, որ քեզ 1000 դոլար գումար տամ, կտաս 300-ը Լիկային, ասի՝ կասեմ, եթե կուզի, խնդիր չկա: Լիկային ասեցի, Լիկան համաձայնվեց: Էդ օրը գիշերը, Մաշան մնացել ա մեր տունը, ըտենց հաջորդ օրը գնացել ա իրանց տուն, ձեռնոցներ ա բերել, տոպրակ ու տենց իրանք Լիկայի հետ գնացել են»,- պատմել է Գևորգը:
Ոստիկանությունը հայտնում է, որ Արթուրը, որի մականունը Լիկա է, հաձայնել է կատարել գողությունը: Նա հագել է Գևորգի կանացի զգեստը, Մաշայից վերցրել ձեռնոցներ ու տոպրակ և գործի անցել:
«Վիկան իրա շորերը տվեց ես հագա, երեքով գնացինք տաքսիով: Տաքսիով սկզբից գնացինք հայաթ, որ մի հատ Վիկան իջներ, տենար՝ կամերա կա, թե չկա: Էկավ նստավ՝ ասեց՝ կամերա չկա, դուխով հելի իջի, պադեզդի կոդերն էլ ինձ ասեցին: Դուռը բացել եմ, մտել եմ սենյակ, իրանց ասած տեղը, որտեղ որ ասել էին, էդ դուռը բացել եմ, սեյֆ ա դրած էղել փոքր: Էդ սեյֆը ես վերցրել եմ ու տարել տվել եմ Մաշային ու Վիկային»,- ոստիկաններին պատմել է Արթուրը:
Գայանեն ու Գևորգը Արթուրին սպասել են շենքի մոտ` մեքենայում ու պարբերաբար զանգահարել են նրան պարզելու` ինչով ու երբ է պատրաստվում տուն վերադառնալ:
Գողությունը հաջող է անցել, բայց գողերը կողոպուտի օրը չեն կարողացել բացել չհրկիզվող պահարանը: Սկզբում որոշել են գողոնը թաքցնել Աբովյանի գերեզմանատանը, հետո տարել են Գևորգի մոր աշխատավայր, որտեղ Գևորգը կարողացել է կոտրել չհրկիզվող պահարանի դուռը:
Քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Մանրամասները` ոստիկանության տեսանյութում:











