Կուտակային կենսաթոշակների դեմ պայքարող երիտասարդները դեկտեմբերի 14-ին Ձմեռ պապիկի հագուստով շրջել են Երևանի կենտրոնական փողոցներով, քաղցրավենիք բաժանել և քաղաքացիներին իրազեկել Կուտակային կենսաթոշակների օրենքի պարտադիր բաղադրիչի վնասների և դեկտեմբերի 17-ին կայանալիք հանրահավաքի մասին (ֆոտոռեպորտաժ):

«Մենք ժամանել ենք հեռավոր Լապլանդիայից` օգնելու մեր ընկերներին, ովքեր պայքարում են կուտակային կենսաթոշակների նոր օրենքի դեմ: Այստեղ ենք, որ քաղցրավենիք բաժանենք երեխաներին, իսկ ծնողներին` թռուցիկներ, որոնցում գրված է այս օրենքի թերությունների մասին»:

Ձմեռ պապիկները քաղցրավենիք են բաժանում տարբեր տարիքի մարդկանց, շնորհավորում նրանց Ամանորն ու իրազեկում օրենքի մասին:

Նրանց մի ձեռքում քաղցրավենիք է, մյուսում՝ « Դեմ եմ պարտադիրին» գրությամբ դրոշակներ:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտնելու Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս են եկել ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։