«Նախախորհրդարանը» դեկտեմբերի 14-ին Ազատության հրապարակից սկսեց Հիմնադիր խորհրդարանի վերաբերյալ իրազեկման երթը, որին մասնակցում են նախաձեռնության 30-40 անդամներ՝ դեղին գլխարկներով, դրոշակներով և «Մաքրենք երկիրը ներքին թշնամուց», «Նոր տարի, նոր Հայաստան», «Մեր երկիրը բռնազավթված է», «Ձեռք ձեռքի Հայաստանի համար», «Ժողովրդից թալանածը ժողովրդին» գրությամբ պաստառներով (ֆոտոռեպորտաժ):
Մինչև երթի սկսվելը «Նախախորհրդարանի» անդամներն ու ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, որը նույն ժամին Մաքսային միությաննը Հայաստանի միանալու դեմ իր երթն էր սկսում դեպի նախագահի նստավայր, միմյանց ողջունեցին:
«Եթե Նախախորհրդարանի անդամներն ուզում են, ազատ են կարող են միանալ մեր հավաքին»,- ասաց Հայրիկյանը:
«Նախախորհրդարանի» անդամները, սակայն, շարժվել են նախատեսած երթուղիով։
«Մենք ունեցել ենք տարակարծություններ Հայրիկյանի հետ թե անցյալում, թե կոնկրետ այսօրվա ակցիայի վերաբերյալ, սակայն դրանք մարտավարական խնդիրներ են, որոնք վստահ ենք, որ կհաղթահարենք, համոզված եմ՝ ոչ միայն Պարույր Հայրիկյանի հետ, այլև այլ առողջ շրջանակների հետ»,- նշեց Ժիրայր Սեֆիլյանը:
Երթի մասնակիցները հայտարարեցին, որ իրենց նպատակն է ձևավորել «ապազգային ու հանցավոր վարչախմբի հեռացման համար անհրաժեշտ համազգային դիմադրության ուժ»: Այդ նպատակով ժողովրդին իրազեկելու և կազմակերպելու համար «Նախախորհրդարանը» ամեն շաբաթ նախատեսում է նմանատիպ երթեր անցկացնել:
Այս պահին նրանք շրջում են Երևանի կենտրոնական փողոցներով և մարդկանց իրազեկում Հիմնադիր խորհրդարան ստեղծելու իրենց նախաձեռնության մասին։















