Ոստիկանությունը հաղորդում է, որ դեկտեմբերի 1-ի երեկոյան Երևանի համակարգչային խանութներից մեկի վրա ավազակային հարձակում է կատարվել:
Ոստիկանությունը հայտնում է, որ ավազակային հարձակումը կատարել են երեք հոգով. կապկպել են խանութում գտնվող անձանց և գողացել 15 նոթբուք ու բջջային հեռախոսներ` պատճառելով ավելի քան 3 մլն դրամի վնաս:
«Երեք հոգի դռնից մտան ներս, հարձակվեցին վրաս դանակով: Խոսում էին կիսառուսերեն, կիսավրացերեն: Երկու հոգին եկան, ձեռքերս կապեցին, հետո մեկն սկսեց նոթբուքները հավաքել, էդ երկու հոգու հետ վիճվեցինք, քաշքշեցինք իրար: Ձեռքերս կապելուց հետո նոթբուքները, հեռախոսները, պլանշետները սաղ հավաքեցին ու գնացին»,- ոստիկաններին պատմել է խանութի աշխատողներից մեկը:
Գողության վերաբերյալ ահազանգը Ոստիկանություն ստացվել է դեկտեմբերի 1-ին` ժամը 21:40-ին:
Ոստիկանությունը հայտնում է, որ ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով Բագրատաշենի անցակետում բերման են ենթակել Վրաստանի Հանրապետության երեք քաղաքացիների` Թբիլիսի քաղաքի բնակիչներ 24-ամյա Այվազ Իզմաիլովին, 23-ամյա Նիկազ Վալաձեին և Գագա Կապալյանիին:
Ոստիկանները հայտնաբերել են նաև գողացված նոութբուքերն ու հեռախոսները:
Այվազ Իզմաիլովը,Նիկազ Վալաձեն և Գագա Կապալյանին ձերբակալված են:
Մանրամասները` ոստիկանության տեսանյութում:











