Լոռու մարզի Գուգարք գյուղի 10-րդ փողոցի թիվ 28 տանը դեկտեմբերի 13-ին տեղի ունեցած պայթյունը ջեռուցման կաթսայի հետ կապ չունի. լոգարանում կաթսա չի եղել, ավելին՝ գազի խողովակ չկա։ Այս մասին NEWS.am-ին պատմեցին տանտերերը, որոնք վրդովված էին լրատվամիջոցներում հայտնված տեղեկություններից, թե պայթել է գազի կաթսան։

«Հայտարարություն ա գնացել տելեվիզորով, որ իմ տանը կաթսան տրաքել ա, մտեք տուն ու կաթսան միացնեմ, տեսեք, որ իմ կաթսան էս պահին աշխատում ա»,- վրդովված ասաց տանտերը եւ NEWS.am-ի թղթակցին ցույց տվեց իր տան կաթսան, որն այժմ էլ աշխատում է։

Տանտերերը հրավիրել են մասնագետներին ու քննիչներին՝ իրականությունը պարզելու։ Լոռու մարզի գազամատակարարման եւ գազաֆիկացման վարչության Գուգարքի մասնաճյուղի աշխատակիցները թղթակցի ներկայությամբ փորել են փողոցի այն հատվածը, որտեղով անցնում են գազի խողովակները, ինչից հետո գազի անտանելի անտանելի հոտ է տարածվել հին ու մաշված խողովակներից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքները պարզ կլինեն 10 օրից: Հնարավոր է՝ գործ հարուցվի: Այս մասին մեզ NEWS.am-ին հայտնեցին Վանաձորի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները:

Պայթյունի հետեւանքով 1-ին եւ 2-րդ աստի-անի այրվածքներով հիվանդանոց տեղափոխված երեք երիտասարդների վիճակը թեեւ բավարար է, NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ տղաների դեմքերն անճանաչելիության աստիճանի խեղվել են։

Նշենք, որ Լոռու մարզում սա առաջին դեպքը չէ, երբ պայթյունի պատճառ լինում է գազը այն դեպքում, երբ դեպքի վայրում գազի խողովակ չկա։ Անցած տարվա դեկտեմբերի 30-ին «Կոնս Ալիանս» հաշվապահական ընկերության տնօրեն, 1976թ. ծնված Վարդան Սարդարյանը մտել էր գրասենյակ, ծխախոտ վառել, ինչից անմիջապես հետո պայթյուն էր տեղի ունեցել: Տնօրենը 2-րդ աստիճանի այրվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Հաշվապահական գրասենյակում գազի խողովակներ ընդհանրապես չկային։

Կատարվածի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ, գործում որպես մեղադրյալ ներգրավված է «Հայռուսգազարդի» աշխատակիցներից մեկը։  Դատավարությունն ընթացքի մեջ է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դեկտեմբերի 13-ին, ժամը 21.12-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման: Պարզվել է, որ 10-րդ փողոցի թիվ 28 տանը տեղի է ունեցել գազից պայթյուն, ինչից 19-ամյա Ն. Ս.-ն, 20-ամյա Տ. Ա.-ն եւ 21-ամյա Ա. Խ.-ն տեղափոխվել են Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն։

Տեսանյութը՝ Ժան Գալստյանի