Անցած մեկ ամսվա ընթացքում Գյումրիի տնակային ավաններում եւ նախկին գործարանային հանրակացարաններում բնակվող ավելի քան 100 անապահով, բազմազավակ, միայնակ մայրերի ընտանիքների եւ միայնակ տարեցների «Շիրակ կենտրոնը» տրամադրել է շուրջ 1300 պարկ վառելափայտ:

«Բնականաբար, աղքատության եւ անօթեւանության ամենաբարձր ցուցանիշներն ունեցող քաղաքում մեր ուժերից վեր է սուր կարիքի մեջ գտնվող հարյուրավոր ընտանիքների ամբողջ ձմռան ջեռուցման համար պահանջվող վառելիքով ապահովելը: Հասկանալի է, որ ծայրահեղ աղքատությունը միայն վառելափայտ կամ թեկուզ եւ հագուստ ու կոշիկ տրամադրելով հնարավոր չէ հաղթահարել:

Առավել եւս, երբ ամեն քայլափոխի կարող ենք ականատես լինել, թե ինչպես են հարյուրավոր ընտանիքների երեխաներ տառապում անգամ թերսնվածությունից: Այնուամենայնիվ բոլորիս պարտքն է ջանքեր ներդնել՝ հոգալու նրանց գոնե առաջին անհրաժեշտության կարիքները: Իսկ Շիրակի առանձնահատուկ ցրտաշունչ ձմռանը, շարքից դուրս եկած, բարակ թիթեղյա վագոն-տնակներում բնակվող ընտանիքներին օդ ու ջրի պես անհրաժեշտ է ջերմություն:

«Շիրակ կենտրոնի» կողմից ներկայացվող տեսանյութը անապահով ընտանիքներին մեր հայրենակիցների ու մի շարք հիմնադրամների աջակցությամբ ձեռք բերված վառելափայտի տրամադրման մեկ օրվա եւ անօթեւան ընտանիքների ապրելակերպի մասին է»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ:

Դուք նույնպես կարող եք օժանդակել «Շիրակ կենտրոնի» նախաձեռնած «10.000 պարկ վառելափայտ անօթեւան ընտանիքներին» ակցիային: