Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի դեմ ԱԺ ոչ կոալիցիոն չորս խմբակցությունների՝ ՀՅԴ, ՀԱԿ, Ժառանգություն, ԲՀԿ եւ «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնության կազմակերպած բողոքի երթի մի քանի հարյուր մասնակիցները դեկտեմբերի 17-ին, ժամը 13։45-ին Սահմանադրական դատարանի մոտ ՍԴ ներկայացուցչին հանձնեցին 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի սահմանադրականությունը վիճարկող իրենց հայտարարությունը, նաեւ միջնորդություն, որ հունվարի 1-ից կասեցվի օրենքի գործարկումը։

Հայտարարությունը հանձնելուց հետո ակցիայի մասնակիցները շարունակեցին իրենց ելույթները՝ ՍԴ-ին կոչ անելով չենթարկվել ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի եւ ՀՀ վարչապետի ճնշումներին՝ հիշեցնելով, որ բոլոր երեքն էլ արդեն հրապարակավ կողմ են արտահայտվել օրենքին։ 

ՍԴ ներկայացուցիչն ասաց, որ 36 պատգամավորների ներկայացրած բողոք-դիմումը ստացել են միայն այսօր առավոտյան եւ դրան ընթացք կտրվի օրենքով սահմանված ժամկետում։

Երթին մասնակցող քաղաքացիներն ու ԱԺ պատգամավորները հայտարարեցին, որ սրանով իրենց պայքարը չի ավարտվելու եւ իրենք իրավական բոլոր հնարավոր միջոցներով փորձելու են հասնել արդարության։

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ատենապետ Գերասիմ Վարդանյանը ՍԴ անդամներին կոչ արեց չմոռանալ իրենց պարտքը, իրենց իրական կոչումը եւ որոշում կայացնել ՀՀ քաղաքացու օգտին՝ հայտարարելով, որ եթե դատարանը դա չանի, ապա քաղաքացիներն իրենք իրենց վճռականությամբ կհաստատեն Սահմանադրական կարգը։

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը որպես պայքարի միջոց կոչ արեց համազգային գործադուլ անել։ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հույս հայտնեց, որ այս դեպքում չի գործի սովորական իշխանական հրահանգը եւ կկայացվի արդարացի որոշում։

ՍԴ-ին հանձնված հայտարարության տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ։