Չինաստանը նախկինի պես հանդես է գալիս իրանական ատոմային խնդրի դիվանագիտական լուծման օգտին: Այդ մասին իրանական ատոմային ծրագրի հարցերով զբաղվող «վեցնյակի»՝ Նյու Յորքում կայացած հանդիպումից հետո հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Լի Բաոդունը:

ՉԺՀ ներկայացուցչի խոսքով,Պեկինը շարունակում է աջակցել իրանական ատոմային խնդրի լուծման երկակի մոտեցումը:

«Այսօր երկակի մոտեցումը շեշտը դնում է դիվանագիտության վրա»,- նկատում է Բաոդունը, հաղորդում է BBC News-ը:

Իր հերթին Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը լրագրողների հետ զրույցում նկատել է, որ «վեցնյակը» «լավ բանավեճեր է վարել»:

«Կարծում եմ՝ ոչ-ոք պատժամիջոցներ չի ցանկանում, բոլորն են դիվանագիտական լուծում ուզում»,- նկատել է Չուրկինը՝ հավելելով, որ եթե Թեհրանը բանակցություններ է ցանկանում, պետք է սկսի դրանք: