Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ դեկտեմբերի 25-ին ավարտվել է Երեւանի թիվ 27 դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանի դեմ պետությունից գումարներ յուրացնելու համար հարուցված քրեական գործի քննությունը։

Հինգ րոպե տեւած դատավարության ժամանակ Սուսաննա Սարգսյանը խնդրեց դատավորից մեղմ վերաբերվել իրեն վճիռը կայացնելիս. «Խնդրում եմ ինձ հնարավորություն ընձեռնել իմ աշխատանքով ապացուցելու, որ դեռեւս կարող եմ շարունակել մանկավարժությունը եւ պատասխանատու լինել իմ գործում»:

Դատարանի դահլիճում էին նաեւ Երեւանի թիվ 27 դպրոցի ուսուցիչները՝ պաշտպանելու նախկին տնօրենին։ «Բոլորն էլ «սայթաքելու» իրավունք ունեն եւ եթե գործը միայն ֆինանսական է, թող գործը տնտեսական դատարանն էլ քննի»,- դատից հետո ասաց ուսուցչուհիներից մեկը: Գործով վկա Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն էլ հակադարձեց՝ նշելով, որ թիվ 27 դպրոցում ինքն էլ է 7 տարի աշխատել, բայց չի սայթաքել. «2007թ երբ այդ տեղը թափուր մնաց, եւ Սուսաննա Սարգսյանը ասաց, որ ուզում է տնօրեն դառնալ, ես հրապարակայնորեն ասացի, որ ինքը չի այն մարդը, որը պիտի փոխարինի ինձ»: Անահիտ Բախշյանի կարծիքով, նախկին տնօրենին պաշտպանող մանկավարժներն իրավունք չունեն մտնել դասարան եւ կրթել երեխաներին: Դատարանը վճիռը կհրապարակի դեկտեմբերի 26-ին:

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ թիվ 27 դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանը, դպրոցի 4 աշխատակիցների հետ կնքելով աշխատանքային պայմանագրեր  եւ նրանց համար նախատեսված աշխատավարձերը յուրացնելով, պետությանը հասցրել է ավելի քան 2 մլն դրամի վնաս։ Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով։