Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Երեւանի թիվ 27 դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանը մեղավոր ճանաչվեց յուրացումներ կատարելու համար եւ համաներմամբ ազատ արձակվեց: 49 ամյա տնօրենը դատարանի որոշմամբ տուգանվեց 800 հազար դրամով եւ զրկվեց կազմակերպչական, տնօրինական բնույթի որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից 6 ամսով: Սակայն համաներումով ազատվեց տուգանքը վճարելուց հետո:
«Ես ապացույցներ ունեմ, որ մեղավոր չեմ, բայց չեմ ուզում տանջել կոլեկտիվիս ու ընտանիքիս, այդ պատճառով էլ արագացված դատավարություն պահանջեցի»,- դատից հետո լրագրողներին ասաց նախկին տնօրենը։
Սուսաննա Սարգսյանը հույս հայտնեց, որ 6 ամսից նորից տնօրենի պաշտոնը կզբաղեցնի. «Ուսուցչական կոլեկտիվն ու աշակերտների ծնողներն ուզում են, որ ես վերադառնամ։ Քաղաքապետարանի կրթության բաժինն էլ է հնարավոր համարում, որ ես աշխատեմ դպրոցում որպես տնօրեն»:
Սուսաննա Սարգսյանը պատմեց, որ ինքը դատապարտվել է միայն Անահիտ Բախշյանի հետ անձնական վատ հարաբերություններ ունենալու եւ Անահիտ Բախշյանի կողմից հետապնդվելու արդյունքում:
«Բախշյանն ուզում էր, որ իր ուզած մարդը դառնա տնօրեն, բայց ես ընտրվեցի ու դրանից հետո մեր հարաբերությունները սրվեցին»,- ասաց նա:
Սուսաննան էլ իր հերթին փաստեր է ներկայացրել դատախազություն՝ Անահիտ Բախշյանի կատարած ապօրինությունների վերաբերյալ, որոնք կատարվել են նույն դպրոցում, նրա տնօրինության տարիներին:
Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ թիվ 27 դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանը, դպրոցի 4 աշխատակիցների հետ կնքելով աշխատանքային պայմանագրեր եւ նրանց համար նախատեսված աշխատավարձերը յուրացնելով, պետությանը հասցրել է ավելի քան 2 մլն դրամի վնաս։ Նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով։











