Կուտակային կենսաթոշակի մասին նոր օրենքի դեմ պայքարող մոտ 10 քաղաքացի քիչ առաջ «Անելիք» բանկում փակեց հաշիվը՝ այս կերպ արտահայտելով իր բողոքը բանկի այն հայտարարությանը, որ իրենց աշխատողները սխալմամբ են ստորագրել ՀՀ նախագահին ուղղված նամակի տակ։

«Ես կարծում եմ, որ Հայաստանում չպիտի լինեն այնպիսի բանկեր ու հաստատություններ, որոնք կխոչընդոտեն իրենց աշխատողների ազատ խոսքի իրավունքը։ Նմանատիպ քայլերով պետք է խրախուսենք, որ բոլոր այն հաստատությունները՝ բանկ,  սուպերմարկետ, կամ այլ ընկերություն, պետք է պատասխանատվություն կրեն իրենց արարքների համար»,- բանկային հաշիվը փակելուց հետո NEWS.am-ին ասաց «Անելիք» բանկի արդեն նախկին հաճախորդ Աննա Դավթյանը:

Դրսում սպասող երիտասարդները բանկային հաշիվները փակած քաղաքացիներին դիմավորեցին ծափահարություններով՝ հայտարարելով, որ շարունակելու են բողոքի ակցիաներ այն ընկերությունների դեմ, որոնք, ըստ ակտիվիստների, խոչընդոտում են աշխատակիցների քաղաքացիական իրավունքի ազատությանը։

«Հաջորդ ակցիան լինելու է ՎիվաՍելի մոտ, քանի որ պարոն Յիրիկյանն ասաց, որ կբարձրացնեն աշխատավարձերը, թող չբողոքեն»,- նշեց ակտիվիստներից մեկը։

Հիշեցնենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակի դեմ բողոքող մի խումբ քաղաքացիներ դեկտեմբերի 3-ին նամակ էին ուղարկել նախագահ Սերժ Սարգսյանին, որում ստորագրել էին տարբեր կազմակերպությունների ավելի քան 5000 աշխատող, այդ թվում նաև «Անելիք» բանկի 68 աշխատակից։ Ավելի ուշ բանկը տեղեկացրել էր, որ իր աշխատողները թյուրիմացաբար են ստորագրել այդ նամակի տակ։