Հաքերները, ովքեր ԱՄՆ-ում հարձակվել էին ամերիկյան ամենախոշորներից մեկը հանդիսացող Target Corp առեւտրի ցանցի վրա եւ վտանգել 40 միլիոն կրեդիտ քարտերի տվյալներ, կարող են տիրապետել գաղտնավորված անձնական նույնականացման համարներին (PIN):

Target ցանցը հաղորդել է, որ հաքերներին հաջողվել է խլել տասնյակ միլիոնավոր գնորդների ոչ միայն կրեդիտ եւ դեբետային քարտերի համարները, այլ նաեւ PIN-կոդերը, քարտապանների անունները, դրանց գործողության ժամկետը, ինչպես նաեւ «անվտանգության կոդը», որը նշվում է քարտի հակառակ կողմում:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ PIN-կոդերը հափշտակվել են գաղտնավորված տեսքով, այնյպես որ հաճախորդների բանկային հաշիվներին վտանգ չի սպառնում: Սակայն շատերն անհանգստանում են, որ հաքերները կարող էին կոտրել գաղտնավորման բանալին եւ բանկի հաճախորդների հաշիվներից միջոցներ հափշտակել:

Այս կապակցությամբ JPMorgan Chase եւ Santander Bank բանկերը նվազեցրել են բանկոմատներից եւ վճարման կետերից գումարի ստացման սահմանը: Հարձակումը կարող է միլոնավոր դոլարների վնաս հասցնել, սակայն մինչեւ այժմ պարզ չէ, թե ինչպես: ԱՄՆ-ում, որպես կանոն, բանկի հաճախորդները պատասխանատվություն չեն կրում քարտերի հետ ավազակային գործողության պատճառով հասցված վնասների համար:

Նշվում է, որ հաքերների հարձակումը Target Corp-ի վրա իր մեծությամբ երկրորդն է ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում: Կրեդիտ քարտերի տվյալների գողությունը շարունակվել է մինչեւ դեկտեմբերի 15-ը: Այս պահին ԱՄՆ-ի արդարադատության դեպարտամենտը հետաքննում է տվյալ միջադեպը:

Հիշեցնենք, որ 40 միլիոն կրեդիտ եւ դեբետային քարտերի անձնական տվյալների արտահոսք տեղի է ունեցել նոյեմբերի 27-ից դեկտեմբրի 15-ն ընկած ժամանակահատվածում: Արտահոսքը տեղի է ունեցել ողջ երկրում ավելի քան 2000 խանութ ունեցող Target առեւտրի ցանցում գնումների դիմաց վճարումների ժամանակ:

ԱՄՆ-ում հաքերները գողացել են բանկային քարտեր ունեցող մոտ 40 միլիոն օգտագործողների անձնական տվյալներ