Հայաստանի ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) աշխատակիցները GURALP տիպի նոր թվային սեյսմիկ կայան են տեղադրել ՍՊԾ-ի «Սեւան» դիտակետում: Կայանը տրամադրվել է ՀՀ ԿԱ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից:
Նոր կայանը թույլ է տալիս ավելի մանրամասն ուսումնասիրել սեյսմիկ ռեժիմը Փամբակ-Սեւանի ակտիվ բեկվածքի գոտում եւ որակապես բարձրացնել սեյսմիկ վտանգի գնահատումը Հայաստանի Հանրապետության տարածքում:
«Սեւան» դիտակետի շրջակայքում կատարվեցին սեյսմիկ աղմուկի չափումներ եւ գրանցումների վերլուծություն, ապա անցկացվեց ուսումնավարժանք դիտակետի աշխատակիցների համար (տվյալների բեռնում, հաղորդում, գրանցումների անդադար հսկում եւ այլն):





























