Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ դեկտեմբերի 30-ին, քննվում է դերասան Վարդան Պետրոսյանի կալանքը երկու ամսով երկարացնելու հարցը: (ֆոտոռեպորտաժ)

Ժամը 11։30-ից դատարանի առջեւ են հավաքվել դերասանին սատարող քաղաքացիական ակտիվիստներ, ընկերներն ու բարեկամները։ Նրանց թվում են Վարդան Պետրոսյանի որդին՝ Հայկ Պետրոսյանը եւ արձակագիր, հրապարակախոս Վահրամ Սահակյանը։

Երբ դատարան բերեցին Վարդան Պետրոսյանին, ներկաները նրան դիմավորեցին ծափահարություններով:

Հայկ Պետրոսյանը հրաժարվում է խոսել լրագրողների հետ, իսկ Վահրամ Սահակյանն ասաց հետեւյալը. «Մենք հոգեպես կարող ենք միայն աջակցել Վարդան Պետրոսյանին։ Այս պահին ոչինչ չեմ կարող ասել։ Սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի»։

Չնայած սաստիկ ցրտին՝ լրագրողներին ու դերասանին աջակցող մարդկանց թույլ չեն տալիս շենք մտնել՝ պատճառաբանելով, որ աշխատանքային օր չէ, եւ ոչ ոք իրավունք չունի դատարան մտնել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վարդան Պետրոսյանը կալանավորված է, Վերաքննիչ դատարանը մերժել էր փոխել նրա խափանման միջոցը:  Քննիչ Դավիթ Մարտիրոսյանը դիմել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ դերասանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկու ամսով երկարացնելու համար:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am