Նոր հայց Facebook-ի դեմ: Ամերիկացի երկու օգտատերեր հայց են ներկայացրել սոցցանցի դեմ Հյուսիսային Քալիֆորնիայի դատարան, երբ իմացել են, որ իրենց անձնական նամակները սքանավորվում են: Ինչպես պնդում են հայցվորները, սոցցանցը հետեւում է, թե ինչ հղումներ են իրար ուղարկում օգտատերերը, ստուգում է դրանք, ապա փոխանցում երրորդ անձանց՝ այլ նպատակներով:

Այսկերպ, Facebook-ը կեղծ տպավորություն է ստեղծում, թե անձնական նամակագրությունը փակ է: Իրականում, ըստ հայցվորների, հաղորդագրություններով իրար ուղարկվող հղումները ոչնչով չեն տարբերվում հրապարակային «հավանումներից» կամ սեփական էջում վերահրապարակումից: Դա խախտում է դաշնային օրենքները եւ Քալիֆորնիայի՝ անձնական կյանքի անձեռնմխելիության օրենքները:

Անձնական հաղորդագրությունների սքանավորման մասին տեղեկությունները հայտնվել էին դեռ 2012թ.: Facebook-ը հաստատել էր, որ «հավանումների» ցուցիչը իսկապես հաշվի է առնում ուղարկված հղումները, սակայն անձնական տվյալներ չեն հրապարակվում: