Ամերիկյան բնական պատմության թանգարանի գիտնականների խումբը, կենսաբան Դեյվիդ Գրուբերի գլխավորությամբ, մի քանի տարի Փոքր Կայման կղզում եւ Կարիբյան ծովում ուսումնասիրություններ է անցկացրել։
Հետազոտողները պարզել են, որ բիոֆլուորեսենցիա կոչվող երեւույթը (որոշակի արտաքին միջավայրում որոշ կենդանի օրգանիզմների լուսարձակման ունակությունը) ստորջրյա օրգանիզմների շրջանում ավելի լայն տարածում ունի, քան կարծում էին մինչեւ այժմ։
Ըստ գիտնականների՝ բիոֆլուորեսենցիայի ունակություն ունեն վերը նշված տեղանքի առնվազն 180 ձկնատեսակներ։ Լուսարձակման համար հատուկ պայմաններ են անհրաժեշտ։ Ինչպես որոշ հանքանյութեր են սկսում լույս տալ ուլտրամանուշակագույն միջավայրում, այնպես էլ շատ ձկներ նարնջագույն կամ կանաչավուն լույս են արձակում միայն զգալի խորություններում։
Ձկները լուսավորությունն օգտագործում են միմյանց հետ հաղորդակցվելու համար՝ միաժամանակ անտեսանելի մնալով գիշատիչների աչքից, քանի որ վերջիններիցս շատերը լույսն ընկալելու ունակությունից զուրկ են, հայտնում է Gismeteo-ն՝ վկայակոչելով PLOS ONE գիտական ամսագիրը։











