Հայ դպրոցականները առաջին անգամ հնարավորություն են ստացել մասնակցել Ճապոնիայում անցկացվող հոկուի միջազգային մրցույթին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Հիկարի» կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը:

Փետրվարի 27-ին «Հիկարի» կենտրոնում կկայանա նախընտրական փուլը, լավագույն ստեղծագործությունները կուղարկվեն Ճապոնիա:

Երեխաները գրում են մայրենի լեզվով, այնուհետեւ եռատողերը անգլերեն եւ ճապոներեն են թարգմանվում:

Այս  տարվա թեման երազներն են: Մրցույթին մինչեւ 15 տարեկան երեխաներ են մասնակցում:

Հոկուն  (կամ հայկուն) ճապոնական պոեզիայի ժանր է, որը բառացի թարգմանվում է «սկզբնական, առաջին բանատողեր»: Այն եռատող է, ծագում է նաև թանկայի առաջին կիսատողերից: XVII դարից սկսած հոկուն համարվում է ինքնուրույն ստեղծագործություն: