Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի` Կարեն Եսայանի սպանության  գործով մեղադրյալ Անիի նախկին ոստիկանապետի որդին` Հարություն Սարգսյանը շարունակում  է հացադուլը, որը սկսել էր փետրվարի 13-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Լուսինե Սահակյանը:

Նա նշեց, որ հացադուլը արդեն իր բացասական ազդեցություն է թողել իր պաշտպանյալի վրա: «Արդեն վատ հետեւանքներ ունի, քաշը գցել է, իրեն լավ չի զգում, բոլորով փորձում ենք համոզել դադարեցնել հացադուլը, սակայն ինքը ասում է՝ այնքան հացադուլի մեջ կմնա, մինչեւ իր գործով արդարություն լինի»,- փոխանցեց փաստաբանը:

Լուսինե Սահակյանը տեղեկացրեց նաեւ, որ նորից դիմել են Գլխավոր դատախազին՝ հանդիպման խնդրով, սակայն առայժմ պատասխան չկա: Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակված է փետրվարի 26-ին, այդ ժամանակ պաշտպանական կողմը հանդես կգա ճառով, որից հետո հնարավոր է անցնեն ռեպլիկներին, այնուհետեւ պետք է հրապարակվի դատավճիռը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 12-ին, Գյումրիում սպանություն է կատարվել, սպանվածը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր ընկերն է` 27-ամյա Կարեն Եսայանը: Նա առավոտյան դուրս էր եկել եւ չի վերադարձել: Կարենը գնացել էր ավտոլվացման կետ` մեքենան լվանալու: Կեսօրին ընտանիքի անդամները անհանգստացել եւ դիմել էին ոստիկանության Գյումրիի բաժին: Երեկոյան ժամը 20-ի սահմաններում ոստիկանները Սեւ Ղուլ թաղամասում հայտնաբերել էին «Մերսեդես» մակնիշի մեքենան եւ սպանված Կարեն Եսայանին մի քանի հրազենային վնասվածքներով: Ապրիլի 13-ին նա պետք է նշանվեր քաղաքապետի դստեր հետ: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ Քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) եւ 235 հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Այս գործով կալանավորված է Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին՝Հարություն Սարգսյանը

Իսկ ավելի ուշ ավտովթարի էր ենթարկվել եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործը քննող քննչական խմբի անդամ, ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության փոխգնդապետ, 58-ամյա Վահրամ Բեյբությանը: