Նախագահը շատ ճիշտ մասնագիտական գնահատական տվեց, որ պետք է օգտագործել ֆեդերացիաների պոտենցիալը եւ աշխատելու ցանկությունը, նրանց պետք է աջակցել, ոչ թե խանգարել եւ դա վերաբերում է բոլոր գերատեսչություններին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը՝ անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի՝ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն այցելության ժամանակ հնչեցրած ելույթին:

«Պարոն նախագահը ինչ ասաց, արդեն ասաց, դա բոլորը լսեցին եւ տեսան, ես չեմ կարծոմ կարիքը կա, որ մենք նորից վերաքննարկենք, ուղղակի խոսքով ամեն ինչ ասաց: Եթե այդպես արվի, մենք հաջողություններ կունենանք եւ երբեւէ խնդիրներ չեն լինի:

Բոլոր օղակները որոնք ծառայում են սպորտին, պետք է համագործակցեն, մեկը մյուսին օգնեն»,- նշեց Արթուր Գեւորգյանը:

Նա շեշտեց, որ ընդամենը իր գործն է անում եւ ուզում է այն լավ անել: Իսկ թե ինչ դասեր է քաղել նախագահի ելույթից, արդյոք դա նաեւ իրեն չեն վերաբերում, ֆեդերացիայի նախագահն այսպես արձագանքեց. «Դուք այստեղ ֆեդերացիայի նախագահին ուղղված խո՞սք եք տեսել:

Ես սպորտային մարդ եմ եւ ինքս սպորտի մարդ եմ, ես ինքս եղել եմ լավ սպորտսմեն, անարդարությունը սպորտում շատ վատ հետեւանքներ է ունենում, որովհետեւ մենք դրանով սպորտսմենների ճակատագրերի հետ կխաղանք, ամբիցիաները, քաղաքական աստառներ տալը սպորտում ոչ ճիշտ գործելաոճ է, սպորտը պետք է մի քիչ զերծ պահել նմանատիպ լարվածություններից»:

Արթուր Գեւորգյանը համաձայն է նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որ պետք է օգտագործել նախարար Յուրի Վարդանյանի լեգենդը եւ այդպես նպաստել սպորտի զարգացմանը, «Յուրիկ Վարդանյանը աշխարհում եզակի սպորտսմեններից մեկն է իր ցույց տված արդյունքներով եւ իսկապես այդ լեգենդը կարելի է եւ պետք է օգտագործել, որպեսզի նրան դարձնել օրինակ, սպորտի զարգացման շուրջ կարելի է փիառ անել ինչու չէ Յուրիկ Վարդանյանով, նման լեգենդ ունենալով»:

Հարցին, թե այլեւս կռված չէ նախարարի հետ, տարաձայնությունները հարթվել են, Արթուր Գեւորգյանն այսպես պատասխանեց. «Մենք չենք կռվել, ես ոչ մեկի հետ չեմ կռվում, իմ աշխատանքն եմ կատարում, ֆեդերացիան անկախ մարմին է, գործում է ինքնուրույն, չունի վերադաս, գերատեսչությունները պետք է մեզ աջակցեն եւ օգնեն, ոչ թե խանգարեն»:

Իսկ թե խանգարում են պատգամավորին ֆեդերացիայի նախագահի պաշտոնին աշխատանքներ կատարելիս, Արթուր Գեւորգյանն ասաց, որ իրեն հաջողվում է իր սպորտսմենների հարցերը լուծել, այնպես անել, որ իրենց խանգարող հանգամանք չլինի:

Արթուր Գեւորգյանը համաձայնեց նաեւ նախագահի հորդորներին, թե պետք է գնալ բակեր եւ ասել, որ երեխաներ, պարապեք, պարապեք, որ ինձ նման դառնաք: «Ես մեծամասնականով ընտրված պատգամավոր եմ, պատկերացնում եք՝ ինչքան մեծ է իմ շփումը ժողովրդի հետ, սեփական օրինակով պետք է մատաղ սերնդին ծառայես, որպեսզի ցանկություն առաջանա սպորտով զբաղվելու: Ես նույնիսկ իմ բռնցքամարտիկների թիմին եմ ասում, որ լավ պարապեք, որ ինձնից լավը դառնաք, ինձնից հաջողակ դառնաք: Մեր մոտ սպորտսմենը պետք է այնքան երեւացող լինի, որ երեխաները, հասարակությունը ցանկանա դառնալ սպորտսմեն»,-նշեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը եւ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը տարաձայնություններ ունեն, քանի որ պատգամավորը հավաքականի մարզիչ է նշանակել 70-ականների բռնցքամարտի լեգենդ Դավիթ Թորոսյանին, մինչդեռ  նախարարը առաջարկել է չնշանակել նրան, այլապես ինքը չի ֆինանսավորի հավաքականին: 

Նշենք, որ փետրվարի 21-ին, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն կատարած այցի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նշել է հետեւյալը.  «Ես առաջարկել եմ, որ Յուրի Վարդանյանը, ով կենդանի լեգենդ է, դառնա նախարար, որպեսզի նրան որպես այդպիսին նաեւ ի ցույց դնենք: Ձեզնից քանի՞սն են այս մարդու հետ գնացել մի դպրոց: Քանի՞ անգամ է անցած մեկ տարվա ընթացքում այս մարդը հանդիպել երիտասարդների հետ: Քանի՞ անգամ է դուրս եկել, գնացել մի բակ եւ ասել՝ երեխե՛ք, պարապեք, պարապե՛ք, որ ինձ նման դառնաք...: Մի ֆեդերացիայի նախագահ էլ ես եմ: Պե՛տք չի մեզ դնել ռամկաների մեջ, այլ պետք է մեր պոտենցիալն օգտագործել: Որեւէ մեկն ինձ չի պարտադրել 15 տարի առաջ եւ ավելի ընկղմվել այդ ֆեդերացիայի աշխատանքների մեջ: Պետք է այդպիսի մարդկանց հնարավորություններն օգտագործել, ոչ թե կռվել ֆեդերացիաների հետ, ոչ թե նրանց փորձել ինչ-որ բան պարտադրել, այլ փորձել նրանց օժանդակել, ներուժն օգտագործել»: