Ավտոմայդան շարժումը հայտարարում է Ուկրաինայում նոր իշխանությանն ընդդիմադիր լինելու մասին:
«Մենք վերահսկում էինք նրանց՝ նախորդներին, այժմ վերահսկելու ենք ձեզ: Մենք հետեւելու ենք ձեզանից յուրաքանչյուրին»,- հայտարարել է շարժման առաջնորդներից Սերգեյ Կոբան Եվրամայդանի բեմից, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:
Նա նաեւ զգուշացրել է նոր պաշտոնյաներին պատասխանատվության մասին կոռուպցիայի համար: «Թող պաշտոնյաներից յուրաքանչյուրը գիտակցի, որ իշխանության է գալիս աշխատլու համար հանուն ազգային շահերի, այլ ոչ թե սեփական բիզնեսի համար: Բիզնեսն առանձին, իշխանությունն՝ առանձին: Մենք հետեւելու ենք ձեր ունեցվածքի աճին»,- հայտարարել է Կոբան:
Ակտիվիստները նաեւ նախազգուշացրել են, որ Ավտոմայդանը չի ընդունի նոր իշխանություններից որեւէ արտոնություն քաղաքի ճանապարհներով երթեւեկելու համար: «Ոչ մի ավտոշարասյուն: Ոչ ոքի համար: Եթե ինչ-որ տեղ եք շտապում, մետրո նստեք»,- նշել է նա:
Ավելի վաղ հաղորդում էին, որ Ավտոմայդանի ակտիվիստներից Կոբան կոչ էր արել ցուցարարներին գրոհել Գերագույն Ռադան: Հետո նա լքել է Ուկրաինան ու ամենայն հավանականությամբ գտնվել է Գերմանիայում:




























