Եթե մոտ ապագայում մայրաքաղաքում տաքսիների համար կայանատեղիներ չհատկացվեն, տաքսու վարորդները բողոքի ակցիաներ կանցկացնեն։ Այս մասին փետրվարի 24-ին լրագրողներին ասաց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, որն ասուլիսի էր եկել մի խումբ տաքսիստների հետ։
«Չենք վճարելու ոչ մի տուգանք, մինչեւ չլուծվի կայանատեղիների խնդիրը: Մենք խնդրում ենք հատուկ մոտեցում տաքսու վարորդների նկատմամբ, մենք միայն մուծելու ենք արագաչափերի տուգանքները»,- հայտարարեց Տիգրան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ լիգան պատրաստ է սատարել յուրաքանչյուրի վարորդի, որին տուգանք է ներկայացվել մայրաքաղաքի չթույլատրված հատվածներում մեքենան կայանելու համար:
Ասուլիսին ներկա մի քանի տաքսու վարորդներ բողոքեցին, որ իրենք հաճախորդներին սպասելու համար հաճախ տուգանվում են, ու տուգանքի չափերն իրենց գրպանի համար բավական մեծ են:
Ավտովարորդների պաշտպանության լիգայի ու վարորդների կարծիքով՝ խնդիրը կլուծվի, եթե քաղաքապետարանը տաքսու վարորդների համար կայանատեղիներ հատկացնի։
Նրանց խոսքով՝ քաղաքում գործող շուրջ 15 հազար տաքսիների համար շուրջ 300 կայանատեղի է հարկավոր, մինչդեռ մայրաքաղաքում գործում է ընդամենը մի քանիսը։
Վարորդները պատրաստվում են բողոքի ակցիաներ անցկացնել, եթե կայանատեղիների խնդիրը մոտ ապագայում լուծում չստանա:




























