Հանցագործ աշխարհում հայտնի, անձի առեւանգման մեղադրանքով կալանավորված Թեւոսիկի (Թեւոս Սաֆարյան) խափանման միջոց կալանքը նախորդ շաբաթ երկարացվել է եւս երկու ամսով: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ մեղադրյալը չի մասնակցել դատական նիստին, նա նույնիսկ փաստաբան էլ չունի: Մեր աղբյուրները հայտնեցին նաեւ, որ գործով նախաքննությունը կավարտվի մոտ մեկ ամսից:

Ի դեպ, Թեւոսիկը շարունակում է «Դատապարտյալների հիվանդանոցում»: ՔԿՀ լրատվական ծառայության ղեկավար Գոռ Ղլեչյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում չնշեց, թե ինչ առողջական խնդիրների պատճառով է նա այդքան երկար ժամանակ բուժում ստանում եւ երբ դուրս կգրվի՝ դա համարելով բժշկական գաղտնիք: «Հիմա բուժում է  ստանում, հենց բուժման կուրսը ավարտի, դուրս կգրվի»,- հայտնեց Գոռ Ղլեչյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել եւ սպանել է 41-ամյա Արթուր Սաֆարյանին, ով հայտնի քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբայրն է: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով ոստիկանության կողմից ձերբակալվել էր Իսրայել Սարգսյանը, ով Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից է: