Գազի հարցերով խորհրդարանական հանձնաժողով ձեւավորելու անհրաժեշտություն առաջացել է դեկտեմբերի երկուսից հետո, երբ ստորագրվել էին Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ գազային պայանագրերը ու հասարակության մեջ մի շարք հարցեր էին առաջացել: Այս մասին ԱԺ այսօրվա նիստի ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանը:
Նա նաեւ հիշեցրել է, որ ավելի վաղ խորհրդարանական չորս խմբակցություններ առաջարկել էին ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, սակայն նախաձեռնությունը չէր ընդունվել. «Մենք համաձայն էինք բովանդակային խնդիրների հետ, սակայն մեզ համար անընդունելի էր մոտեցումը: Այդ պատճառով առաջարկում ենք ավելի հավասարակշռված մոտեցում: Մենք նաեւ համարում ենք, որ ներկայացված հարցերը շատ նեղ էին ու առաջարկում ենք հարցերի ավելի լայն շրջանակ քննարկել»:
Հարությունյանի խոսքով՝ ժամանակավոր հանձնաժողովը դիտարկելու է հարցեր, որոնք կապված են ներկայիս իրավիճակի ու գազի սպառողների շահերի պաշտպանության, գազի ջերմատվության, գազի հաշվիչների ստուգման հետ եւ այլն: Երկրորդ կարեւոր հարցը գազի պարտքին է վերաբերում: Հանձնաժողովի օրակարգում էլ ինելու նաեւ սպառողների համար գազի գնագոյացման խնդիրը: Հարությունյանը նաեւ ընդգծել է, որ ժամանակավոր հանձնաժողովի նիստերը ենթադրվում է անցկացնել դռնփակ ռեժիմով:




























