Դիլիջանում դեռեւս դեկտեմբերին  հնչած կրակոցների գործով, որի հետեւանքով մահացել էր տեղական հեղինակություն «Նավոն» եւ Թեղուտի գյուղապետի որդին, առայժմ ձերբակալվածներ չկան: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Դեպքից մոտ երկու ամիս է անցել, սակայն հետախուզման մեջ գտնվող Թեղուտի գյուղապետի մյուս որդին՝ Արագած Թամրազյանը, եւս չի հայտնաբերվել: Ի դեպ, Թեղուտի գյուղապետը եւ նրա որդիները պարբերաբար հայտնվում էին սկանդալների կենտրոնում, իսկ այս դեպքից հետո գյուղապետը ընդհանրապես զանգերին չի պատասխանում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 24-ին  Դիլիջանում երիտասարդների երկու խմբի միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, որին հետեւել են կրակոցներ: Կռվի  պատճառը եղել է   նախկինում ունեցած    անհաշտ հարաբերությունը: Վիրավոր երիտասարդներից մեկին՝ Թեղուտի գյուղապետի 34-ամյա որդուն՝ Արտավազդ Թամրազյանին, տեղափոխել են Երեւանի բժշկական հաստատություններից մեկը, որտեղ եւ նա մահացել էր։

Դիլիջանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել է Դիլիջանի 33-ամա բնակիչ Նավասարդ Աբգարյանը (Նավո), ով եւս մահացել էր: Վերջինս  Դիլիջանի մեծահարուստ, «Հաղարծին» ռեստորանային համալիրի սեփականատեր  Արմեն Աբգարյանի եղբոր որդին է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ-ի 104 հոդվածի 1-ին մասի (2 կամ ավելի անձանց սպանության) եւ 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հատկանիշներով: