Խորհրդարանական մեծամասնությունը ժամանակին մերժեց ԱԺ ոչ կոալիցիոն չորս խմբակցությունների առաջարկը՝ գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, այդպես էլ հոդաբաշխ պատասխան չտալով, թե ինչու է դեմ: Այս մասին փետրվարի 25-ին խորհրդարանում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Ըստ նրա՝ այժմ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես գալով՝ խորհրդարանական մեծամասնությունը հայտարարում է, որ իրենց նախագծում հարցերի ավելի լայն շրջանակ է ներկայացված: «Մեր կարծիքով ժամանակավոր հանձնաժողովի օրակարգում պետք էր ընդամենը երեք հարց ներառել. Արդյոք 2011թ. ապրիլի 1-ի պայմանագիրը համապատասխանում է մեր օրենսդրությանն ու Սահմանադրությանը, արդյոք իրականում սահմանից մինչեւ սպառողին հասնելը գազի գինը դառնում է 204 դոլար, ինչպես նաեւ էներգետիկայի ոլորտում մինչեւ 2043թ. այլընտրանքային աղբյուրների գտնելու հնարավորությունը:
Հակոբյանը կարծում է, որ օրակարգում ներառված հարցերը քննարկելու համար խորհրդարանի մի ամբողջ համագումար չի բավականացնի, իսկ վերջում հանձնաժողովի անդամներն իրենք կհրաժարվեն դրանց քննարկումից:
Նա նաեւ նշել է, որ հանձնաժողովի աշխատանքի համար նախատեսված ժամանակը բավարար չէ: Արդյունքում դրա անդամները կհայտարարեն, որ քրտնաջան աշխատել են, սակայն ժամանակը չի բավականացրել բոլոր հարցերը քննարկելու համար, եւ վերանայվել է միայն հարցերի 30%-ը: «Դրանից հետո հայտարարվելու է, որ հանձնաժողովի աշխատանքի ժամկետը պիտի տեղափոխվի մինչեւ նոյեմբերի 8-ը՝ Հոկտեմբերյան մեծ հեղափոխության տարեդարձի հաջորդ օրը: Մենք առաջարկում ենք հարցը քննել մինչեւ հեղափոխությունը, դուք առաջարկում եք՝ հետո: Եթե հեղափոխությունն իրականություն դառնա, ապա դրանից հետո պատասխաններ այլեւս պետք չեն: Հարցն այն է, որ իշխանությունները փորձում են ժամանակը ձգձգել, քանի որ երկրում լուրջ քաղաքական գործընթացներ են տեղի ունենում, եւ երկրի ղեկավարությունը ցանկանում է ցույց տալ, որ ընդդիմությունը պարապ է, իսկ ինքն աշխատում է»:




























