Շատ վատ եմ գնահատում այն իրադարձություն, որոնք նման էին վերջերս Ուկրաինայում տեղի ունեցածներին եւ որոնց արդյունքում մարդիկ մահացան: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը:

Ըստ նրա՝ նման իրադարձություններից ավելի վատ բան չկա. «Մի՞թե ազգի կամ պետության համար ավելի վատ բան կա, քան այն, երբ մարդիկ են մահանում»: Ի պատասխան այն հարցին, արդյոք նա զուգահեռներ տեսնում է Կիեւում տեղի ունեցած իրադարձությունների ու մարտի մեկի տեղի ունեցածի միջեւ, երբ Երեւանի կենտրոնում տաս մարդ էր զոհվել, Աբրահամյանն ընդգծել է. «Դա շատ վատ երեւույթ է ու ես զուգահեռներ տանել չեմ ցանկանում: Եկեք լավ բաների մասին մտածենք ու մեր ժողովրդի համար լավ բաներ անենք»: Ինչ վերաբերում է նրան, արդյոք Կիեւի իրադարձությունները ազդեցություն կունենան Հայաստանի վրա, ապա խոսնակը նշել է, որ ինքը կանխատեսումներով չի զբաղվում եւ պատասխանի փոխարեն հարցրել է, թե ինչպես են լրագրողների գործերը: