Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում կատարված փոփոխությունները պետք չէ կապել Գյումրիի նախկին քաղաքապետ Սպարտակ Ղուկասյանի մասնակցությամբ տեղի ունեցած «վերջին» միջադեպի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի ոստիկանապետ, գնդապետ Վարդան Նադարյանը:

«Դա բացառվում է, Սպարտակ Ղուկասյանի հետ պայմանավորված, թե ինչեր կարող են լինել, ընդհանրապես հանիր շրջանառությունից,  դրանով ակամայից ռեկլամ ենք անում այդ երեւույթներին»,- նշեց Շիրակի ոստիկանապետը:

Վարդան Նադարյանն ասաց, որ փոփոխությունները պայմանավորված են միմիայն բարեփոխումներով: Հարցին, թե Ախուրյանի ոստիկանապետից դժգոհություն կա, որ ուղարկել եք կադրերի ռեզերվ, Վարդան Նադարյանը պատասխանեց, որ «էդ իներտությունը, պասիվությունը, ոչ էսօրվա պահանջներին համահունչ աշխատանքները բերում են դրան, սա աշխատանքային պրոցեսներ են, ոչ մի արտառոց բան»: Նա նշեց, որ եթե կոնկրետ անձանց հետ խնդիրներ լիներ, ինքը չի զլանա դրանք բարձրաձայնել եւ մեկնաբանել: Ինչ վերաբերում է Կումայրի նոր ոստիկանապետ Արամ Ղարիբյանի՝  «Կուկլի» գործարանի տնօրենի հայր լինելուն, Վարդան Նադարյանը տեղյակ չէր դրանից, «բացարձակ բիզնեսային երեւույթներ չեմ լսել, աշխատել է, երկար փորձ ունի աշխատանքի, նախկինում էլ այստեղի պետն է եղել, գուցե դա չգործող գործարան է»:

Հիշեցնենք, որ փոփոխությունները Շիրակի մարզային վարչությունում սկիզբ են առել Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի մասնակցությամբ տեղի ունեցած վերջին միջադեպից հետո, երբ  աշխատանքից ազատվել էր Շիրակի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, նրա տեղակալը, քննչականի պետը եւ այլք: Որոշ ժամանակ անց նորից փոփոխություններ եղան, Գյումրիի Կումայրի բաժնի պետ Գեւորգ Թադեւոսյանը նշանակվել է Ախուրյանի ոստիկանապետ, իսկ նրա փոխարեն նշանակվել է Արամ Ղարիբյանը: