Հայաստանի խորհրդարանն, այսօր՝ փետրվարի 26-ին, կողմ է քվեարկել գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշմանը: Կողմ է քվեարկել 75, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 30 պատգամավոր, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Նախքան քվեարկությունը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշել է, որ ոչ իշխանական 4 խմբակցությունների ջանքերը հաջողությամբ են պսակվել: «Թեեւ մեր խմբակցությունը բացասական է վերաբերում, որ ժամանակավոր հանձնաժողովի նիստերը պետք է փակ դռների հետեւում անցկացվեն, այդուհանդերձ մենք կմասնակցենք դրա աշխատանքներին»,-ասել է նա:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ իրենց խմբակցությունը կմասնակցի հանձնաժողովի աշխատանքներին, սակայն իրենք ձեռնպահ են քվեարկելու:
Դրանից հետո ԱԺ-ում պետք է քվեարկության դրվեն «Նաիրիտի» խնդիրներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշումը, սակայն ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի խնդրանքով հայտարարվել է 20 րոպեանոց ընդմիջում:




























