Հայաստանի Ազգային ժողովը մերժել է «Նաիրիտ» գործարանի խնդիրներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը: Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, այդ առաջարկին կողմ է քվեարկել 44 պատգամավոր, դեմ են եղել 55-ը, ձեռնպահ՝ 1-ը:
Մինչ քվեարկությունը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը դեմ չէ «Նաիրիտի» հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը, սակայն համարում է, որ այս պահին այն չի կարող ծառայել իր նպատակին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ ինքը կողմ է «Նաիրիտի» հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը, սակայն ավելի լավ կլինի, եթե այն ձեւավորվի աշնանը:
Նշենք, որ ներկայումս «Նաիրիտի» աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ-ի մոտ, պահանջելով իրենց 15 ամսվա աշխատավարձը, ինչպես նաեւ տեղեկություններ են ուզում իմանալ գործարանի հետագա ճակատագրի մասին:




























