Միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում Հայաստանն ու Հունաստանը պետք է սերտացնեն համագործակցությունը: Այս մասին նշվել է այսօր՝ փետրվարի 26-ին, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտոնական այցով Երեւանում գտնվող Հունաստանի խորհրդարանի նաագահ Էվանգելոս Մեյմարակիսի հանդիպման ժամանակ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից նշում են, որ զրուցակիցները ջերմությամբ վերհիշեցին անցյալ տարվա մարտին Աթենքում ունեցած հանդիպումը եւ գոհունակությամբ արձանագրեցին, որ երկու երկրների խորհրդարանների միջեւ հաստատված է սերտ համագործակցություն, միջխորհրդարանական բարեկամության խմբերն ակտիվ գործունեություն են ծավալում, ինչը մեծապես նպաստում է միջպետական հարաբերությունների զարգացմանը եւ ժողովուրդների միջեւ բարեկամության խորացմանը:
Հունաստանի խորհրդարանի ղեկավարն ու Հայաստանի արտգործնախարարը նշեցին միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցության սերտացման անհրաժեշտությունը։
Հանդիպմանը քննարկվեցին հայ-հունական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Կարեւորվեց առեւտրատնտեսական համագործակցության խթանումը, ապակենտրոնացված փոխգործակցությունը։
Եվրոպական Միությունում Հունաստանի նախագահության համատեքստում անդրադարձ արվեց Հայաստան - Եվրամիություն համագործակցությանը։
Կիպրական հիմնախնդրի կարգավորման գործընթացում վերջերս արձանագրված առաջընթացի համատեքստում Էվանգելոս Մեյմարակիսը ներկայացրեց հիմնահարցի վերաբերյալ Հունաստանի մոտեցումները։
Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։
Էդվարդ Նալբանդյանն ու Էվանգելոս Մեյմարակիսը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ:



























