Երեւանում 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի եւ ուկրաինական Մայդանում տեղի ունեցած դեպքերի միջեւ նմանություններ չկան, իսկ Հայաստանում մայդան չի կարող լինել: Այդ մասին այսօր՝ փետրվարի 26-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցին, թե Մարտի 1-ի եւ Մայդանի դեպքերի միջեւ նմանություն տեսնո՞ւմ է եւ Հայաստանում հնարավո՞ր է Մայդանի կրկնություն:

Ջհանգիրյանն ասաց, որ Բագրատյանը ՀԱԿ խմբակցության անդամ է եւ պետք է լավ ծանոթ լինի ՀԱԿ առաջնորդի տեսակետին, որ Հայաստանում հակառուսական նման խոշոր ընդվզում չի կարող լինել: «Կիսում եմ ՀԱԿ առաջնորդի այդ կարծիքը»,-ասաց Ջհանգիրյանը:

Ի պատասխան Հրանտ Բագրատյանն ասաց. «Պարոն Ջհանգիրյան, դուք երեւի լավ տեղյակ չեք, թե ինչ է Մայդանը: Մայդանում մարդիկ արտահայտել են ժողովրդի կամքը, Հայաստանում էլ ժողովուրդն իրավունք ունի արտահայտելու իր կամքը: Չեմ կարծում որ, Հայաստանում Մայդան հնարավոր չէ, պետք չէ դա ընդունել որպես երեւույթ, որն անպայման ուղղված է ռուսների դեմ»։

«Պարոն Բագրատյան, դուք Ուկրաինա շատ եք գնում-գալիս, դուք կիմանաք, ես Մայդանի մասնագետ չեմ»,- պատասխանեց Ջհանգիրյանը: