«Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը նոր կառավարությանը «քաղաքական կամիկաձե է» անվանել: Այդ մասին Յացենյուկը լրագրողներին հայտնել է Մայդանի բեմից նոր կառավարության կազմը բարձրաձայնելուց հետո:
Հիշեցնենք, որ Յացենյուկը Ուկրաինայի ժողովրդին ներկայացվել է որպես ապագա վարչապետ:
Յացենյուկը նշել է, որ ներկայացված կառավարությունում Վիկտոր Յանուկովիչի թիմում աշխատած մարդիկ չկան:
«Այնպիսի կառավարություն, որն այժմ ներկայացվել է, չի եղել Ուկրաինայի անկախության ողջ պատմության ընթացքում: Առաջին անգամ է Ուկրաինայի պատմության մեջ կառավարությունն այսպես ձեւավորվում», – հավելել է նա:
«Ես կարող եմ նախապես ասել, թե ինչպիսին է նոր կառավարության բոլոր անդամների ճակատագիրը` քաղաքական կամիկաձե: Գանձարանը դատարկ է, պարտքը`75 միլիարդ դոլար: Ուկրաինայի ընդհանուր պարտքն է 130 միլիարդ դոլար: Թոշակներն ամբողջությամբ չեն վճարվել արդեն մեկ ամիս, ոսկու պաշարները թալանված են: Եվ այժմ մենք անում ենք ամեն ինչ` իրավիճակը պահպանելու համար, եւ մենք կպահենք այն: Մենք այլ տարբերակ չունենք», – ընդգծել է Յացենյուկը, հայտնում է LB.ua-ն` վկայակոչելով «Բատկիվշչինայի» մամուլի ծառայությունը:
Ըստ նրա` նոր կառավարության թիմն աշխատանքային է լինելու:
Արսենի Յացենյուկը նաեւ հայտնել է, որ փետրվարի 27-ին ներկայացվելու է կառավարության գործունեության ծրագիրը:
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Մայդանի խորհուրդը Մայդանի հավանությանն էր ներկայացրել նոր կառավարության կազմը:
Մայդանում բարձրաձայնել են Ուկրաինայի նոր կառավարության կազմը




























