Ազգային ժողովի պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի դեպքով հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Քրեական գործը կարճվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 2-րդ կետերի հատկանիշներով: Ըստ այդմ՝

քրեական գործ չի կարող հարուցվել եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե  արարքի մեջ հանցակազմ չկա եւ բացակայում է դիմողի բողոքը:

Հիշեցնենք, որ  դեկտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 00:10-ի սահմաններում, Գրիգոր Լուսավորիչ- Իտալիայի փողոցների խաչմերուկում, Ֆրանսիայի դեսպանատան հարեւանությամբ բախվել են Երեւանի բնակիչներ 38-ամյա Էդուրադ Տոնոյանի վարած Toyota մակնիշի 27 ՕՕ 627 համարանիշի եւ 58-ամյա Արամ Հովհանեսյանի վարած Reno մակնիշի Լ 5457 (009 ԼՍ 99) համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետեւանքով Reno-ն հայտնվել է Մյասնիկյանի արձանի սանդուղքներին, իսկ վթարի հետեւանքով Toyota-ի վարորդն ու նրա 2 ուղեւորները եւ Reno-ի ուղեւորը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը «Նաիրի», մի մասը` «Էրեբունի» բժշկական կենտրոններ: Reno մակնիշի ավտոմեքենան օգտագործվում է տաքսի ծառայությունում որպես տաքսի, իսկ նրա ուղեւորը եղել է Ազգային ժողովի պատգամավոր, ճանաչված երգչուհի Շուշան Պետրոսյանը:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔՕ-ի 242-րդ հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս: