«Ազգ» օրաթերթը, հաղթահարելով ֆինանսական խնդիրները, վաղվանից՝ փետրվարի 28-ից, լույս է տեսնելու որպես շաբաթաթերթ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ազգի» խմբագիր Հակոբ Ավետիքյանը:
Նա նշեց, որ տարբեր մարդկանց միջոցով, մասնավորապես՝ Ռուսաստանից Արա Աբրահամյանի եւ մեկ այլ բարերարի, ով չի ցանկանում իր անունը հրապարակել, օգնությամբ թերթը մարել է պարտքերը եւ կկարողանա լույս տեսնել:
Բայց այժմ թերթը փոխում է ֆորմատը եւ լույս է տեսնելու շաբաթը մեկ անգամ: Պատճառը, Հակոբ Ավետիքյանի փոխանցմամբ, միայն նյութական խնդիրները չեն: «Այլեւս չենք ցանկանում օրաթերթ հրապարակել, այսօր Երեւանում 12 օրաթերթ կա, կարծում եմ՝ 3 հատը ծով է»,- ասաց խմբագիրը:
Դրանից բացի՝ «Ազգը» կուժեղացնի նաեւ կայքը, ավելի շատ կհրապարակեն վերլուծական հոդվածներ, կարծիքներ, քանի որ վստահ են, որ տպագիր մամուլի զարգացման հեռանկարը դա է:




























