Հայաստանում կենսաբանական անվտանգության ապահովման հայեցակարգը կմշակվի մինչեւ այս տարվա հոկտեմբեր, որից հետո այն կներկայացվի Ազգային անվտանգության խորհրդի հաստատմանը: Այս մասին հայտարարել է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, այսօր՝ փետրվարի 28-ին, «Հայաստանի Հանրապետությունում կենսաբանական անվտանգության ապահովման հայեցակարգի» մշակման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստում:

Նիստի բացման խոսքում ԱԱԽ քարտուղարը նշել է. «Կենսաբանական անվտանգության ապահովումը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության առաջնահերթություններից է, որը խարսխվում է մարդու կյանքի եւ առողջության պաշտպանության վրա, նպատակաուղղված է քաղաքացու, հասարակության եւ պետության բնականոն գործունեության ապահովմանը: 

Կենսաբանական սպառնալիքների տարածումը պայմանավորված է մարդկանց, կենդանիների, հումքի, կենդանական եւ բուսական ծագման արտադրանքի մեծաքանակ եւ մեծածավալ տեղաշարժերի հետ, քանի որ մեծացել են կենսաբանական վտանգ ներկայացնող այնպիսի վարակների տարածումը, ինչպիսիք են՝ վերջին տարիներին արձանագրված ատիպիկ թոքաբորբը, թռչնի եւ խոզի գրիպները, խոզերի աֆրիկյան ժանտախտը եւ այլն:

Համաճարակային կամ պանդէմիկ ներուժով վարակիչ հիվանդություններն, անկախ դրանց ծագման բնույթից՝ անխոչընդոտ տարածման դեպքում կամ կանխամտածված կիրառման պարագայում լուրջ, իսկ հաճախ՝ մահացու սպառնալիք են եւ կարող են լրջորեն խոչընդոտել հասարակության բնականոն գործունեությունն ու խաթարել երկրի տնտեսական զարգացումը»:

Արթուր Բաղդասարյանը ընդգծել է, որ ներկայումս աշխարհում մեծ ջանքեր են գործադրվում համաճարակային կամ պանդէմիկ վարակիչ հիվանդություններով պայմանավորված սպառնալիքներին հակազդելու, համապատասխան պայքարի միջոցներ մշակելու եւ կիրառելու ուղղությամբ՝ ներգրավելով ազգային եւ միջազգային գիտական ներուժը` կարեւորելով «Հայաստանի Հանրապետությունում Կենսաբանական անվտանգության ապահովման հայեցակարգիե ընդունման անհրաժեշտությունը:

Հայեցակարգի ընդունումը նախատեսված է Ազգային անվտանգության խորհրդի գործունեության տարեկան ծրագրով:

Հայեցակարգի նախագիծը նախատեսվում է մշակել, հաշվի առնելով Հայաստանի փորձը, միջազգային ձեռքբերումները, վերջին տարիների վիճակագրությունն ու զարգացման միտումները:

Հայեցակարգի ընդունմամբ կապահովվի Հայաստանի կողմից որդեգրած եւ միջազգային պայմանագրերով ստանձնած հանձնառությունների բարեհաջող իրականացումն ու լուրջ նախադրյալներ կստեղծվեն կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում: