Հայաստանի կառավարության մտքով անգամ չպիտի անցնի «Նաիրիտի» սնանկացումը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նրա խոսքով՝ «Նաիրիրտում» ստեղծված իրավիճակն ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովը պետք է անպայման ստեղծվի: Այնտեղ կարելի է պարբերաբար հրավիրել մասնագետների, որոնք տարբեր ժամանակների աշխատել են գործարանում:

«Նրանք կարող են լույս սփռել գործարանի տարբեր փուլերի եւ տարբեր խնդիրների վրա: Մենք պետք է մշտապես հարցը թարմ պահենք, որպեսզի կառավարության մտքով անգամ չանցնի մարդկանց աչքի առջեւ գործարանը սնանկ հայտարարել»,-ասել է Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ գործարանի սնանկությունը հավերջ կթաղի բոլոր հարցերը, որոնք մնացել են առանց պատասխանների:

Վարդանյանը անընդունելի է համարել ՀՀԿ-ի դիրքորոշումը, որոնք առաջարկում են հանձնաժողովի ստեղծումը հետաձգել մինչեւ ռուսական «Ռոսնեֆտ»-ի հետ ավարտվեն «Նաիրիտի» հարցով բանակցությունները: «Եթե մենք սկսենք աշխատել աշնանը, երբ կավարտվեն բանակցությունները, մենք կարող ենք կորցնել «Նաիրիտի» մասնագետների կոլետկտիվը»,-հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղարը:

Հիշեցնենք, «Նաիրիտ»-ում 500 մլն դոլարի ներդրումներ կատարելու «Ռոսնեֆտ»-ի պատրաստակամության մասին հայտարարել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Սոչիում փետրվարի 24-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպման ընթացքում:  Հանդիպմանը ներկա էր նաեւ  «Ռոսնեֆտ»-ի տնօրեն Իգոր Սեչինը:

Ձեռնարկությունը չի գործում 2010-ի ապրիլից: Գործարանի զարգցման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 400-500 մլն դոլար: «Նաիրիտի» վերազինումը ներառում է արտադրական գործընթացի վերակառուցում:

2006-ին «Նաիրիտ»-ի բաժնետոմսերի 90 տոկոսը 40 մլն դոլարով վաճառվել է Rhinoville ընկերությանը, որը գրանցված է Բրիտանիայում: 2014-ի հունվարին Մոսկվայի արբիտրաժային դատարանը բավարարել է ԱՊՀ Միջազգային պետական բանկի հայցը՝ Rhinoville Ltd-ից 107,95 մլն դոլար պարտքը գանձելու վերաբերյալ: