ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կմասնակցի մարտի 1-ի զոհերի հիշատակի համար Ազատության հրապարակում կազմակերպվող հանրահավաքին: Այս մասին լրագրողներին է հայտարարել է ինքը Զոհրաբյանը՝ այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ: Ըստ նրա՝ կուսակցության անդամները լիարժեքորեն ազատ են մասնակցելու հանրահավաքին, եթե ցանկանան:

Նա կոչ է արել մարտի մեկի իրադարձությունների համար պատասխանատվությունը չբարդել ԲՀԿ վրա: «Պարոն Սամվել Նիկոյանը կարող է հաստատել, թե ինչի տակ էր պատրաստ ստորագրել ԲՀԿ-ն, ինչի տակ՝ ոչ»,-հայտարարել է նա:

Նա հավելել է, որ Մարտի 1-ի հարցով նոր հանձնաժողով պետք է անպայման ձեւավորվի՝ ոչ միայն մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, այլեւ՝ ողբերգական իրադարձությունների կրկնությունը կանխելու համար: Հենց այդ պատճառով ՀԱԿ-ի՝ նոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը պետք է աջակցել: «Մեզ համար հարցերի առումով տաբուներ չկան, մենք պատրաստ ենք քննարկել ցանկացածը»,-հայտարարել է Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել էր, որ խորհրդարանում բացի «Ժառանգություն»-ից եւ ՀԱԿ-ից, բոլորը Մարտի 1-ի կոծկման մասնակից են եւ որ այդ ուժերը մարտի 1-ի դեպքերի ժամանակ եղել են իշխող կոալիցիայի կազմում:

Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին, իսկ նույն օրը երեկոյան իշխանությունները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների նկատմամբ, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան: Արդեն 6-րդ տարին անընդմեջ ՀԱԿ կողմնակիցները հավաքվում են Ազատության հրապարակում` հարգելու զոհերի հիշատակը: Մինչ օրս 10 զոհերի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am