Հայաստանում նույնպես հնարավոր է «Մայդան», բայց ոչ այն սցենարով եւ այն հետեւանքներով, ինչ-որ եղավ Ուկրաինայում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իագուլյանը՝  շեշտելով, որ ժողովրդի վիճակը այնքան վատ է, որ ամեն րոպե հնարավոր է սոցիալական բունտ։

«Այն կերպ, ինչ կերպ եղավ Ուկրաինայում, Հայաստանում բացառված է, այստեղ չկան աջ ծայրահեղական ուժերը, չկան այդ կարգի դրսեւորված արեւմտականության եւ ռուսամետություն, արհեստածին է այդ ամենը եւ այդ հարցը այդքան էլ չի հետաքրքրում հասարակությունը։ Երրորդը՝  Հայաստանը չունի այն ռեսուրսները, իրավունքը, որ փողոցը դարձնենք պետությունը ղեկավարող»,- նշեց Գառնիկ Իսագուլյանը։

Նա շեշտեց, որ այս ամենը չի նշանակում որ հայաստանյան իշխանությունները հատկապես կոռուպցիոն եւ անձնական շահը պետականից ստորադասելու առումով հետ են մնում ուկրաինականից, այդ առումով ինչ-որ տեղ ավելին են անում, քան ուկրաինականը։ «Եվ այդ ֆոնի վրա հնարավոր են հուզումներ, որոնք կարող են հանգեցնել իշխանափոխության,  ինչը ամենեւին բացառել չես կարող։ Իշխանությունները չեն հասկանում, որ իրենց մեղքով կարող է լինել «Մայդան»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը։

Վերլուծելով Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերը՝  նա նշեց, որ  Ուկրաինայի իշխանությունները նախաստորագրել էին Ասոցացման համաձայնագիրը, ժամանակն էր ստորագրելու, բայց Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը անհասկանալի պատճառներով հրաժարվեց  ստորագրել, եւ Ուկրաինայում սկսվեցին եվրոպամետ ակցիաներ, որպեսզի պարտադրեն իշխանություններին գնալ դեպի Ասոցացման համաձայնագիր։ «Զարգացումները ցույց տվեցին, որ «Մայդանի» ժողովրդին բացառապես պայմանագիրը չէր, որ հետաքրքրում էր։ Վերջին շրջանում հատկապես աջ ուժերը կարողացան ոչ միայն տիրապետել իրավիճակին, այլեւ ղեկը վերցնել իրենց ձեռքը: Դա ըստ Իսագուլյանի, պայմանավորված էր ոչ թե ուկրաինացի ժողովրդի կողոմնորոշմամբ դեպի Արեւմուտք կամ Ռուսատան, այլ դերակատարը Ուկրաինայի իշխանությունների վարած քաղաքականությունն էր, երկիրը թաղված էր կոռուպցիայի մեջ, նախագահը միայն անձնական հարցերն էր լուծում, սիրախաղը ՌԴ-ի եւ Եվրոպայի հետ բացառապես պայմանավորված էր սեփական կյանքը բարելավելու ցանկությամբ։  Աջ ծայրահեղականները կարողացան այս ֆոնի վրա հաստատել իրենց իշխանությունը, այսպիսով՝ ուկրաինական դեպքերը բացառապես պայմանավորված  են  ուկրաինական իշխանությունների կոռուպցիոն քաղաքականությամբ եւ պետական ու ազգային շահը  անձնական շահին ստորադասելուն»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը։