Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը հերթական քառօրյան հաջողված է համարում, քանի որ քառօրյայի 90%-ը թեադրեց ընդդիմությունը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, մամուլի ասուլիսում նշեց ինքը՝ Թեւան Պողոսյանը:
«Ամբողջ քառօրյայի ընթացքում քննարկվում էին մեծ մասամբ մեր նախաձեռնությունները: Կարելի է ասել՝ հարցերի 90%-ը մերն է եղել: Իհարկե, դեռ չենք կարողանում այնպես անել, որ մեր առաջարկած 90% նախագծերն անցնեն»,- ասաց նա՝ նշելով, որ գազի հարցով հանձնաժողովի ստեղծումն էլ կարելի է համարել ընդդիմության հաղթանակը:
Թեւան Պողոսյանի խոսքով՝ ընդդիմության համար հեշտ չէ խորհրդարանում հարցեր լուծել, քանի որ «մեծամասնությունը քմահաճույքային քաղաքականություն է վարում»: Լրագրողների դիտարկմանը՝ այդ դեպքում ինչու ընդդիմությունը կտրուկ քայլերի չի դիմում եւ հնարավոր է արդյոք Մայդան Հայաստանում՝ պատգամավորը պատասխանեց. «Արդյո՞ք մենք ունենք մարդկային այնքան ռեսուրս, որ հարցը արյուն թափելով լուծվի: Իհարկե չունենք: Արդյո՞ք կարող ենք հարցը գաղափարական ռեսուրսով լուծել: Այո, կարող ենք: Այդ դեպքում ինչո՞ւ պետք է իրար ջարդելով հարցը լուծենք: Մենք կարող ենք իշխանափոխության հասնել բանակցությունների միջոցով»:
Լրագրողների հարցին՝ ինչ փուլում է կառավարությանն անվստահություն հայտնելու՝ խորհրդարանական չորս ոչ կոալիցիոն ուժերի բարձրացրած հարցը՝ Թեւան Պողոսյանը կարճ պատասխանեց. «Տեղի են ունենում քննարկումներ, պետք է ճիշտ պատրաստվել եւ ճիշտ ձեւով անել: Հարցը կբարձրացվի այն ժամանակ, երբ լիովին պատրաստ կլինի»:




























