Ազատության հրապարակում քիչ առաջ ավարտվեց Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը եւ սկսվեց երթը: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ երթը կուղեւորվի դեպի Մյասնիկյանի արձան, որտեղ ծաղիկներ կդնեն՝ հարգելով մարտի 1-ի զոհերի հիշատակը, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:
Հանրահավաքի մասնակիցները բաժանվեցին երկու մասի. մի մասը ուղեւորվեց Բաղրամյան պողոտա, մյուս մասը՝ Մաշտոցի պողոտայով ուղեւորվում է Մյասնիկյանի արձանի մոտ:
Հիշեցնենք, որ ուղիղ 6 տարի առաջ 2008 թվականի մարտի 1-ին Երեւանում ողբերգական դեպքեր տեղի ունեցան, խլելով 10 մարդու կյանք:
2008-ի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո զանգվածային բողոքի ակցիաներ տեղի ունեցան, որոնք տեւեցին 10 օր: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանությունը բռնությամբ ցրել է Ազատության հրապարակում շուրջօրյա ակցիաների մասնակցող ցուցարարներին: Մարդիկ սկսեցին հավաքվել Ֆրանսիայի դեսպանատան դիմաց՝ Մյասնիկյանի արձանի մոտ:
Մարտի 1-ի երեկոյան իշխանությունները զենք կիրառեցին ցուցարարների նկատմամբ, որի հետեւանքով 10 մարդ զոհվեց, այդ թվում 2 զինծառայողներ: Զոհերն էին Տիգրան Աբգարյանը, Տիգրան Խաչատրյանը, Գոռ Քլոյանը, Արմեն Ֆարմանյանը, Դավիթ Պետրոսյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սամվել Հարությունյանը, Զաքար Հովհաննիսյանը, Գրիգոր Գեւորգյանը եւ Համլետ Թադեւոսյանը:
Երեւանում 20 օրով հայտարարվեց արտակարգ դրություն, ձերբակալվեցին ընդդիմության 100-ավոր անդամներ: Իշխանությունները տեղի ունեցածը համարեցին զանգվածային անկարգություններ:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am




























