Ռուսաստանի գործողությունները սպառնում են Եվրոպայի անվտանգությանն ու խաղաղությանը: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Անդրե Ֆոգ Ռասմուսենը՝ կապված Ղրիմում ստեղծված իրավիճակի հետ:

Նա կոչ է արել Մոսկվային չսրել կոնֆլիկտն ու միջոցներ ձեռնարկել դրության կարգավորման համար:

«Ես խիստ մտաոգված եմ Ղրիմում իրադարձությունների վերջին զարգացմամբ: Զինված խմբերի գործողությունները, որոնք այսօր տեղի են ունենում, վտանգավոր են ու անպատասխանատու: Կոչ եմ անում Ռուսաստանին որեւէ քայլ չձեռնարկել, որը կարող է հանգեցնել լարվածության թեժացման»,- Բրյուսելում ՆԱՏՕ-Ուկրաինա Հանձնաժողովի նիստի բացման ժամանակ հայտարարել է նա:

«Անհրաժեշտ է անմիջապես մեղմել դրությունը Ղրիմում: ՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցները շարունակում են սերտ համակարգումը»,- հայտարարել է Դաշինքի ղեկավարը:

Սակայն ՆԱՏՕ-ի ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանի գործողությունները հակասում են ՄԱԿ սկզբունքներին եւ նշել է, որ Մոսկվան պետք է հարգի Ուկրաինայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը, այդ թվում նաեւ Ուկրաինայում ռուսական զորքերի տեղաշարժի վերաբերյալ: