Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության դիվանագետի օրվա առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Հարգելի՛ դիվանագետներ,

Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության դիվանագետի օրվա կապակցությամբ։

Նորանկախ Հայաստանի դիվանագիտությունը թեեւ կարճ, բայց արդեն բավականին հարուստ պատմություն ունի, որը լի է ազգային եւ պետական շահերի պաշտպանության օրինակելի դրսեւորումներով։

Հայ դիվանագետները աչքի են ընկնում հայրենասիրությամբ, մասնագիտական բարձր պատրաստվածությամբ եւ նվիրումով։ Հենց այս հատկանիշների շնորհիվ է մեր ազգային շահերի գիտակցման վրա հիմնված եւ հավասարակշռված արտաքին քաղաքականությունը լայն ընկալում գտնում միջազգային ասպարեզում` հնարավոր դարձնելով արդյունավետ եւ իրատեսական լուծումներ գտնել Հայաստանի առջեւ դրված խնդիրներին։

Համոզված եմ, որ ձեր ամենօրյա անձնվեր գործունեության արդյունքում մենք ի զորու ենք պաշտպանելու մեր երկրի եւ ժողովրդի շահերը, առավել բարձրացնելու Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին ակնկալում եմ այդ ոճրագործության միջազգային ճանաչման եւ դատապարտման, ինչպես նաեւ հետագայում նման հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ հայ դիվանագիտության ջանքերի կրկնապակում:

Վստահ եմ, որ մեր դիվանագիտական ծառայությունն այսուհետ եւս նույն նպատակասլացությամբ շարունակելու է տարբեր երկների հետ համագործակցության ընդլայնմանը, աշխարհում մեր բարեկամների թվի ավելացմանն ուղղված ջանքերը։

Այս հիշարժան օրը մաղթում եմ ձեզ արդյունավետ գործունեություն, ուժ եւ եռանդ Հայրենիքին ծառայելու ձեր առաքելության մեջ՝ հանուն մեր երկրի անվտանգ եւ բարեկեցիկ ապագայի»: