«Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյանը երեկ՝ մարտի 2-ին, տեղափոխվել է «Իզմիրյան» բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանը:
Նա նշեց, որ թարախային գոյացություն կար գոտկատեղից ներքեւ, ցավեր ուներ, բայց ուշադրություն չէր դարձնում: Երեկ հիվանդանոց տեղափոխվելուն պես նա անմիջապես վիրահատվել է հայտնաբերված պարապրոկտիտի (ուղիղ աղիքը շրջապատող բջջանքի բորբոքում) կապակցությամբ:
Կապ ունի այս բարդացումը 2013թ հունվարի 31-ին իր դեմ կատարված մահափորձի հետ, թե ոչ, բժիշկները միանշանակ չեն կարող ասել: «Տարբեր կարծիքներ կան, մեծ քանակությամբ հակաբորբոքային դեղամիջոցներ որ օգտագործել եմ, ասում են՝ դա կարող է նպաստել»,- ասաց ԱԻՄ առաջնորդը:
Այժմ նա Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ, պառկած է, բայց համեմատաբար իրեն լավ է զգում: Հայտնի չէ՝ երբ Հայրիկյանը դուրս կգրվի:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























