Ազգային ժողովում այսօր՝ մարտի 1-ին, գազի հարցերով խորհրդարանական հանձնաժողովը գումարել է իր առաջին նիստը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը:
Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովի կազմում ՀՀԿ խմբակցությունից ընդգրկված են պատգամավորներ Դավիթ Հարությունյանը, Գագիկ Մինասյանը, Վարդան Այվազյանը, Խոսրով Հարությունյանը, ՕԵԿ-ից՝ Հովհաննես Մարգարյանը: ԲՀԿ-ից ներկայացված են Միքայել Մելքումյանը և Գուրգեն Արսենյանը, ՀԱԿ-ից՝ Արամ Մանուկյանը, ՀՅԴ-ից՝ Աղվան Վարդանյանը, «Ժառանգությունից»՝ Ռուբեն Հակոբյանը:
Գոհար Պողոսյանը տեղեկացրեց, որ նիստն արդեն ավարտվել է, հանձնաժողովի նախագահ է ընտրվել Դավիթ Հարությունյանը, իսկ տեղակալ՝ Միքայել Մելքումյանը:
Նշենք, որ գազի հարցերով խորհրդարանական հանձնաժողով ձեւավորելու անհրաժեշտություն առաջացել է դեկտեմբերի 2-ից հետո, երբ ստորագրվել էին Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ գազային պայանագրերը ու հասարակության մեջ մի շարք հարցեր էին առաջացել: Ավելի վաղ խորհրդարանական չորս խմբակցություններ առաջարկել էին ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, սակայն նախաձեռնությունը չէր ընդունվել. Դավիթ Հարությունյանը նշել էր, որ ժամանակավոր հանձնաժողովը դիտարկելու է հարցեր, որոնք կապված են ներկայիս իրավիճակի ու գազի սպառողների շահերի պաշտպանության, գազի ջերմատվության, գազի հաշվիչների ստուգման հետ եւ այլն: Երկրորդ կարեւոր հարցը գազի պարտքին է վերաբերում: Հանձնաժողովի օրակարգում էլ լինելու նաեւ սպառողների համար գազի գնագոյացման խնդիրը: Ժամանակավոր հանձնաժողովի նիստերը ենթադրվում է անցկացնել դռնփակ ռեժիմով:



























