Այսօրվա դրությամբ աշխարհում չկա մի երկիր, որը պաշտպաներ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում: Այս մասին մարտի 4-ի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար, Հայաստանի հատուկ ծառայությունների նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով ուկրաինական ճգնաժամի հարցում Հայաստանի ներկայիս իշխանությունների դիրքորոշմանը:

Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի կողմից լուրջ ճնշման են ենթարկվում: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի ղեկավարությունը կարող է շարունակել չեզոքության իր ներկայիս քաղաքականությունը:

Մամուլի ասուլիսի մեկ այլ մասնակից՝ Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, ընդգծել է, որ հայկական կողմի ներկայիս պահվածքը շատ ճիշտ է: «Ուկրաինան երկիր է, որտեղ բնակվում են մեր հարյուր հազարի հասնող հայրենակիցները: Այն Հայաստանի համար շատ կարեւոր երկիր է նաեւ տնտեսական առումով, ուստի Երեւանն ամբողջ աշխարհի պես պետք է սպասի իրադարձությունների զարգացմանը»,-ընդգծել է քաղաքագետը: