Ցմահ դատապարտյալ, արցախյան ազատամարտի մասնակից Սողոմոն Քոչարյանը գտնվում է ծանր հոգեբանական վիճակում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՀ լրատվական ծառայության ղեկավար Գոռ Ղլեչյանը:

Նա նշեց, որ դատապարտյալը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, առանձին խուց չի տեղափոխվել, սոցիալ- հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի համապատասխան աշխատակիցները աշխատում են դատապարտյալի հետ:

Թե ինչքան կտեւեն նրա հետ տարվող աշխատանքները, Գոռ Ղլեչյանն ասաց, որ դա կախված է իր վիճակից:

Ինչ վերաբերում է Սողոմոն Քոչարյանի հետ հանդիպման հնարավորությանը, ՔԿՀ լրատվական ծառայության պետի փոխանցմամբ՝ մեկ տարվա ընթացքում առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում դատապարտյալին թույլատրվում է հարազատների հետ 3 կարճատեւ եւ 1 երկարատեւ տեսակցություն:

Բացի հարազատներից՝ Գոռ Ղլեչյանի փոխանցմամբ՝ Սողոմոն Քոչարյանի հետ հանդիպելու ցանկությամբ եղել են 5-6 դիմումներ, որոնք մերժել են մինչ այս դեպքը, իսկ այս դեպքից հետո առավել դժվար կլինի դրանք կազմակերպելը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մարտի 1-ին 19-ամյա Ս. Քոչարյանը ինքնասպանություն է գործել՝  նետվելով «Թանգուբ ձորը»:

Նրա հայրը՝ Սողոմոն Քոչարյանը, Ւրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն սպանելու համար դատապարտվել էր մահապատժի, սակայն հետո պատիժը փոխարինվեց ցմահ դատապարտմամբ:  Նա 2-րդ կարգի հաշմանդամ է, ՀՀ սահմանների պաշտպանության եւ ԼՂՀ ազատագրական պայքարի ակտիվ մասնակից: Սողոմոն Քոչարյանը ազատազրկման ընթացքում դատապարտվել է մի քանի անգամ  ՔԿՀ-ից փախչելու, առողջությանը դիտավորությամբ թեթեւ վնաս պատճառելու մեղադրանքով: Ի դեպ, Սողոմոն Քոչարյանին չեն թույլատրել մասնակցել դստեր հոգեհանգստին, քանի որ «առանձնապես ծանր հանցագործություն կատարած դատապարատյալին կարճաժամկետ մեկնումն արգելվում է»: