Անմարդկային է պարզապես, որ Սողոմոն Քոչարյանի հետ կապված մեղմացուցիչ հանգամանքները՝ նրա վաստակը հայրենիքի պաշտպանության գործում, ոչ միայն ժամանակին են անտեսվել, այլեւ այսօր՝ նրա մեծագույն ողբերգության պահին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գորիսի 1992-94 թվականների քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը:
Նա առնվազն անմարդկային գնահատեց արցախյան պատերազմի մանսակից, ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանին՝ ինքնասպանություն գործած դստեր հուղարկավորությանը մասնակցել թույլ չտալը: Սամվել Հարությունյանը իր խորին ցավակցությունը եւ զորակցությունը հայտնեց Սողոմոնին եւ նրա ընտանիքին մեծագույն վշտի կապակցությամբ: «Եթե հնարավոր է, թող դիմանան: Նա արդեն մոտ 18-19 տարի նստել է, պետք է նրան վաղուց ազատ արձակեին: Կարծում եմ՝ Սողոմոնի համար շատ ավելի հեշտ է նստել, քան դստեր կորուստը, ինչպե՞ս պետք է նա այսուհետ ապրի, վստահ եմ՝ 18-19 տարիների ազատազրկումը նրա համար շատ ավելի մեղմ պատիժ է, քան տեսնել այդ ցավը»,- ասաց Գորիսի նախկին քաղաքապետը:
Սամվել Հարությունյանը Սողոմոն Քոչարյանին ճանաչում է 1980-ականների վերջերից եւ պատմեց, որ նրա ընտանիքը արտագաղթել է Բաքվից: Գորիսի նախկին քաղաքապետի փոխանցմամբ՝ Սողոմոնը ակտիվ մասնակցություն է ունեցել պատերազմին, շատ լավ հետախույզ էր։ «Մի քանի անգամ առիթ ունեցել եմ, տեսել եմ, զրուցել եմ, գիտեմ, որ շատ լավ հետախույզ էր, մեր հայրենիքին, պետությանը բավականին օգտակար լավ գործ է կատարել, կյանքը քանիցս վտանգել է, նա Հայաստանի լավագույն հետախույզներից մեկն է, նրան ճանաչողները կվկայեն այդ մասին»,-ասաց Սամվել Հարությունյանը:
Գորիսի նախկին քաղաքապետի խոսքով՝ 1990-ականների կեսերին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի վարորդի, Երեւան-Կապան ճանապարհին, Շուռնուխի անտառում, սպանելու համար Սողոմոնը մեղադրվեց եւ դատապարտվեց մահապատժի, հետագայում քանի որ Հայաստանում մահապատիժ չէին իրականացնում, այդ պատիժը փոխվեց ցմահ ազատազրկմամբ: Նա նաեւ տեղեկացրեց, որ Սողոմոն Քոչարյանը, երեւի թե նաեւ իր ֆիզիկական ճարպկությունը օգտագործելով, երկու անգամ փախուստի է դիմել նախ՝ Գորիսի բանտից, այնուհետեւ՝ «Նուբարաշենի» բանտից: «Ինչքան ես եմ լսել եւ իրենք էլ հայտարարել են, որ ծայրագույն պայմաններից ելնելով է դիմել նման քայլի: Մեր երկրում, ցավոք, ոչ միայն երկակի, այլ մի քանի ստանդարտներ են գործում, երբ մարդուն մի դեպքում կարող են կատարած հանցանքի համար երկրում գործող առավելագույն պատիժը տալ, ինչպես Սողոմոնի պարագայում է եղել: Հիշում եմ, երբ նա ձերբակալվել էր, պատմում էին, որ ինքը ճանաչել է այդ մարդուն, իբր Բաքվից է եղել սպանվողը, մասնակցել է հայերի ջարդին, չգիտեմ՝ որքանով է իրականությանը համապատասխանում: Փաստն այն է, որ մարդուն կրակել եւ սպանել է, թե ինչի համար, մանրամասներին չեմ տիրապետում, չեմ կարծում՝ նյութական շահ հետապնդելու նպատակով: Հիմա նա կրակել եւ սպանել է եւ նրան դատապարտել են ամենախիստ պատժին, իսկ տխրահռչակ Լիսկայի եղբոր որդիները՝ Մայիս եւ Էյներ Խաչատրյանը 2004թ փետրվարի վերջերին առանձնակի դաժանությամբ Գորիս քաղաքում իրենց կամակայություններին կուլ չգնացող, երեք մանուկների հայր Հովհաննես Բադալյանին դանակի բազմաթիվ հարվածներով սպանում են եւ Լիսկայի եղբոր որդին՝ Էյներ Խաչատրյանը մեկ օր չի ազատազրկվում, իսկ Մայիս Խաչատրյանը ընդամենը ազատազրկվում է 12 տարվա բանտարկության, իր պատիժը անց է կացնում արտոնյալ պայմաններում եւ ընդամենը 6 տարի 4 ամիս հետո ազատ է արձակվում: Մեկ ուրիշ օրինակ, նույն Լիսկայի հարազատ մորաքրոջ թոռը Գրիգոր Մանուչարյանը սրանից մի երեք տարի առաջ առանձնակի դաժանությամբ իրենց պատկանող, 19 տարի ապօրինի գործող օբյեկտում կացնահարելով սպանում է Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացու եւ կտրտված մարմինը նետում է եզրակայքով հոսող Վարարակն գետը, այդ արարքի դատապարտվում է 13 տարվա ազատազրկման, հավանական է, որ նա իր ազգական Մայիս Խաչատրյանի նման սպասում է Սերժ Սարգսյանի ողորմածության, որպեսզի ինքն էլ ժամկետից շուտ ազատվի: Դա շատ ավելի դաժան է, քան Սողոմոնի եւ ցմահ դատապարտվածների մեծագույն մասի կատարած հանցագործությունները, մեր երկրում տիրող վիճակը սա է: : Պետք է Լիսկայի նմանների ագգականը լինել, այդ դեպքում նրանք դառնում են շատ գթասիրտ, մարդասեր»,- նշեց Սամվել Հարությունյանը՝ շեշտելով, որ ցմահ ազատազրկման դատապարտված մի շարք անձինք բազմիցս ներման խնդրով դիմել են նախագահին, բայց մերժում են ստացել:
Դիմելով իշխանություններին՝ Սամվել Հարությունյանը նշում է, որ «եթե չեն վախենում հայ ժողովրդի պատժից, գոնե վախենան Աստծո պատժից, որ մի օր նրա դատաստանի առաջ են կանգնելու եւ գոնե իրենց, իրենց ընտանիքների շահերից ելնելով՝ իրենց հերթական պատիժը մեղմացնելու համար, մարդկային վերաբերմունք դրսեւորեն Սողոմոնի եւ նրա նմանների նկատմամբ»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մարտի 1-ին 19-ամյա Ս. Քոչարյանը ինքնասպանություն է գործել՝ նետվելով «Թանգուբ ձորը»:
Նրա հայրը՝ Սողոմոն Քոչարյանը, Ւրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուն սպանելու համար դատապարտվել էր մահապատժի, սակայն հետո պատիժը փոխարինվեց ցմահ դատապարտմամբ: Նա 2-րդ կարգի հաշմանդամ է, ՀՀ սահմանների պաշտպանության եւ ԼՂՀ ազատագրական պայքարի ակտիվ մասնակից: Սողոմոն Քոչարյանը ազատազրկման ընթացքում դատապարտվել է մի քանի անգամ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից փախչելու, առողջությանը դիտավորությամբ թեթեւ վնաս պատճառելու մեղադրանքով: Ի դեպ, Սողոմոն Քոչարյանին չեն թույլատրել մասնակցել դստեր հոգեհանգստին, քանի որ «առանձնապես ծանր հանցագործություն կատարած դատապարատյալին կարճաժամկետ մեկնումն արգելվում է»:




























